Մատչելիության հղումներ

Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց օրակարգում չկա․ դեսպան


Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց օրակարգում չկա, «Նովոստի» գործակալությանն ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հարցին, թե Գյումրիում ռուսական բազայի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման մասին ահազանգեր Երևանից եղե՞լ են, դեսպանը, մասնավորապես, պատասխանել է․ - «Ես չգիտեմ նման ազդանշանների մասին։ Ես առաջնորդվում եմ հայկական կողմի պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման մասին խոսք չկա։ Ռուսական կողմից էլ նման ազդանշաններ չեն եղել»։

Նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով The Wall Street Journal-ի հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է, ասել էր՝ առավելությունները, ցավոք, չեն տեսել: Մոսկվայից արձագանքել էին՝ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում է տեղակայվել 1995 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանի տարածքում դրա նպատակահարմարության մասին խոսելը վնասակար է։

XS
SM
MD
LG