Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջին անգամ կշահագործվեն էլեկտրական ավտոբուսներ՝ Գյումրիում և Վանաձորում


Եվրամիության ավելի քան 4 միլիոն եվրո ներդրումների հաշվին Հայաստանում առաջին անգամ կշահագործվեն էլեկտրական ավտոբուսներ։ Արտանետումները կրճատելու նպատակ ունեցող այս ծրագրով 5-ական էլեկտրաավտոբուս կունենան Գյումրին ու Վանաձորը։ Արդեն մրցույթները կայացել են, գնումներն արվել են, և մի քանի ամսից դրանք տեղ կհասնեն, այսօր այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց եվրամիության «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին։

Գյումրիում արդեն տեղադրվել են պլաստիկ թափոնների համար առանձնացված կապույտ աղբարկղեր։ Վանաձորում էլ ավելի ուշ կտեղադրվեն։ Նախատեսված են նաև պլաստիկ թափոնների վերամշակման հոսքագծեր երկու համայնքներում։ Պլաստիկ թափոնների վերամշակմամբ նախատեսում են ստանալ սալիկներ մայթերի համար։ Մեկ տոննա պլաստիկ նյութից ավազի խառնուրդով հնարավոր կլինի 350 քառակուսի մետր մայթ սալիկապատել։ Գյումրիում արդեն այս տարի նախատեսում են մայթերն ասֆալտապատելու փոխարեն սալիկապատել պլաստիկի թափոններից ստացված շինանյութով։ Դրանք 100 տարվա երաշխիք ունեն, Կապանում արդեն փորձը կա, կիրառվում է, ասաց գյումրիի համայնքապետ Վարդգես Սամսոնյանը։

«Ես կուզենամ՝ մենք էլ և տնտեսապես, և մենք մեր արտադրությունն ու աշխատատեղ, նաև մշակույթ ձևավորվի, բնակիչը տեսնի, որ այդ պլաստիկը գցեց աղբամանի մեջ, հետո վերածվեց, դարձավ մատերիալ, որ նաև քաղաքին պիտանի դարձավ», - ասաց նա։

Եվրամիությունը Գյումրիում և Վանաձորում բնապահպանությանը նպաստող այս ծրագիրը մեկնարկել և հույս ունի, որ համայնքները նույն տրամաբանությամբ կշարունակեն իրենց նախաձեռնությունները, ասաց Նատալյա Լափաուրին։ Դեռ 2021 թվականին Գյումրիի և Վանաձորի համայնքապետերն այս ծրագրի շրջանակներում դաշնագիր են ստորագրել ու պարտավորվել մինչև 2030 թվականն արտանետումների ծավալը կրճատել 30 տոկոսով։

Մինչդեռ, օրինակ Գյումրիում, որտեղ երկու տարի առաջ 65 նոր գազելներ են շահագործման հանձնել, այս տարի էլ կունենան 5 նոր էլեկտրական ավտոբուս, սուբվենցիոն ծրագիր են կազմել ու նախատեսել պետական ու համայնքային միջոցներով ձեռքբերել 30 նոր գազել։ Ինչո՞ւ այս դեպքում չեն շարունակել Եվրամիության ջանքերը, ինչո՞ւ «Գազել»-ներ և ոչ էլեկտրական ավտոբուսներ, ինչպես պարտավորվել են։ Գյումրիի համայնքապետն ասաց՝ թանկ է, նախընտրել են թվով ավելի շատ տրանսպորտային միջոց ունենալ։

Վանաձորում կառավարման ճգնաժամ է։ Արդեն երեք տարի այստեղ ավագանու հերթական նիստեր տեղի չեն ունենում։ Ընդամենը երեք արտահերթ նիստ են գումարել սահմանափակ օրակարգով։ Իսկ Գյումրիում նոր է սկսվել ճգնաժամը։ Ներքաղաքական խմորումների պատճառով անցած տարեվերջին բյուջեն այդպես էլ չհաստատվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոյկոտի պատճառով։

Արդյո՞ք համայնքներում ԵՄ այս խոշոր ներդրումը ռիսկի տակ չէ, և արդյո՞ք ի վերջո ամռանն իսկապես հնարավոր կլինի երկու քաղաքներում գործարկել էլեկտրական այս ավտոբուսներն ու պլաստիկ թափոններով սալիկապատված մայթեր ունենալ։ Ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին ասաց՝ ուշացումով, բայց Վանաձորում հնարավոր եղել է բոլոր պայմանագրերը կնքել, իրավական գործընթացները կազմակերպել։

«Մենք գնումների արդյունքում որևէ շեղում չունենք, որևէ բացթողում չունենք, մի փոքր ժամկետների հետաձգում է պարզապես տեղի ունեցել, ավտոբուսները միայն կլինեն մինչև հունիսի վերջ», - հավելեց նա։

Գյումրիում ևս մինչ այս պահը բոլոր գործընթացներն ավարտվել են։ Թե ինչ կլինի դրանց շահագործման թույլտվություն ստանալու հարցում, համայնքապետն ասաց՝ հույս ունի. - «Միգուցե հաջորդին կհաստատվի, բացթողումները կուղղվեն, կներկայացվեն, և հույս ունեմ, որ մեր ավագանին հանուն Գյումրի քաղաքի, տեսնելով, որ այն, ինչ որ արվել է և շտկվել է, կհաստատի, և ամեն ինչ իր տեղը կընկնի»։

Մամուլի ասուլիսին հրավիրված էր նաև Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որն ասուլիսի հենց սկզբում կարդաց իր մեկուկես րոպեանոց տեքստն ու 5 րոպե անց հեռացավ սենյակից առանց բացատրության ու այդպես էլ չվերադարձավ։

Վանաձորին վերաբերող հարցերին պատասխանում էին ասուլիսի եկած նրա ենթակաները։ Փելեշյանը, որին 2022-ին այս պաշտոնում նշանակել էր վարչապետ Փաշինյանը, մշտապես խուսափել է հարցազրույցներից, երբևէ ասուլիս չի տվել, լրագրողների հարցերին պատասխանել է միայն միջանցքներում, կարճ ու պատահաբար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG