Մատչելիության հղումներ

Խաղաղության օրակարգի այլընտրանքը պատերազմի օրակարգն է. ՔՊ խմբակցության քարտուղար 


Իշխանության համոզմամբ՝ խաղաղության գործընթացը չի ձախողվել, և չնայած Ադրբեջանի նախագահի կոշտ հռետորաբանությանը՝ Հայաստանը շարունակելու է առաջ շարժվել խաղաղության օրակարգով։ Երեկ խորհրդարանում վարչապետ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ։

«Անգամ եթե սա փորձ է Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգը փակուղի տանելու, սա որևէ կերպ մեզ հետ չի կանգնեցնելու մեր քաղաքականությունից, մեր օրակագից, մեր օրակարգը խաղաղության օրակարգն է, որը մենք մեր միջազգային գործընկերների հետ փորձում ենք առաջ տանել, որովհետև խաղաղության օրակարգի, ըստ էության, այլընտրանքը պատերազմի օրակարգն է. Հայաստանի Հանրապետությունը պատերազմի օրակարգ չունի», - այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Իսկ Իլհամ Ալիևը չունի՞ պատերազմի օրակարգ, Արթուր Հովհաննիսյանն այդ հարցին հստակ չի կարող պատասխանել։

Իշխանական մեկ այլ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ, չբացառելով, որ Բաքուն կարող է պատերազմի օրակարգ ունենալ, շեշտեց, թե այս գործընթացում պետք է հասկանալ՝ որն է Հայաստանի շահը։

«Ալիևը, իհարկե, կարող է ունենալ պատերազմի օրակարգ, կարող է ունենալ նախընտրական շրջանում այսպես ասած՝ աքլորանալու օրակարգ», - նշեց նա։

«Ազատության» հարցին՝ առայժմ ձախողված չի՞ համարում խաղաղության օրակարգը, պատասխանեց. - «Ես ոչ միայն առայժմ, այլ նաև ես չեմ կարծում, որ որևէ փուլում այդ օրակարգը մենք պետք է համարենք ձախողված, մենք պետք է շարունակենք այդ ուղղությամբ մեր ջանքերը»։

Արձագանքելով «Զանգեզուրի միջանցքի» մասին Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանում վերահաստատեց՝ պատրաստ են Ադրբեջանին ճանապարհ տրամադրել այն նույն պայմաններով, ինչ պայմաններով, որ Իրանն է անցում տալիս Ադրբեջանին։

Արդյո՞ք բանակցություններում Բաքուն կոնկրետ ուղիով ճանապարհ է ուզում, որը Հայաստանի իշխանությունը մերժում է տրամադրել։

«Այո, եղել են առաջարկներ տարբեր ճանապարհների վերաբերյալ, որոնք մերժել է Հայաստանի Հանրապետությունը՝ ելնելով ՀՀ պետական շահից», - արձագանքեց իշխող խմբակցության քարտուղարը։

Ճշտող հարցին, թե խոսքը Մեղրիո՞վ ճանապարհը նկատի ունի, Արթուր Հովհաննիսյանը կարճ արձագանքեց՝ ոչ։

Ի դեպ, իր վերջին ասուլիսում Իլհամ Ալիևը շեշտել էր՝ դեպի Նախիջևան առանց որևէ հսկողության ուզում են գնալ հենց Մեղրիով, պնդել էր՝ Հայաստանի առաջարկված մյուս երթուղին «օգտագործման ենթակա չէ»։ Պատճառն, ըստ Ալիևի, այն է, որ այդ ճանապարհն ամբողջ տարի օգտագործել հնարավոր չի լինի՝ եղանակային և ռելիեֆային պայմանների պատճառով։

«Ամենաճիշտ ճանապարհը Մեղրիով անցումն է», - ընդգծել էր Ադրբեջանի նախագահը։

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ խաղաղություն, եթե հարգվեն նաև Հայաստանի շահերը. ընդդիմություն

Չնայած Հայաստանի իշխանությունը պնդում է, թե անկախ ամեն ինչից շարունակելու են առաջ շարժվել խաղաղության օրակարգով, ընդդիմությունը համարում է, որ այդ օրակարգն ի սկզբանե ձախողված էր։

«Չի կարող խաղաղության մասին խոսք լինել ադրբեջանական ուժի անմիջական գործադրման կամ դրա սպառնալիքի անմիջական հրապարակման ներքո, երբ որ հայ գերիները՝ պատանդները գտնվում են Ադրբեջանի բանտերում։ Չի կարող ուղղակի լինել այդպիսի բան, միջազգային որևէ պատմական փորձ չկա», - ընդգծեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա անընդունելի համարեց Ադրբեջանի հետ նաև անկլավների հարցի քննարկումն այն դեպքում, երբ Ալիևը հայտարարում է, որ ետ չեն գնա Հայաստանի օկուպացված տարածքներից։

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ պնդեց՝ քննարկվող փաստաթուղթը խաղաղություն չի բերելու Հայաստանին, քանի որ այն ամբողջությամբ արտացոլում է ադրբեջանական օրակարգը։

«Իրականում խաղաղության գործընթացը ի սկզբանե ձախողված էր, որովհետև խաղաղությունն արդարության հիման վրա կարող է ձևավորվել, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ համաձայնություն, խաղաղություն արդարության հիման վրա, երբ հարգվեն Հայաստանի Հանրապետության շահերը, ՀՀ սուվերեն շահերը, արցախահայության շահերը, կետ առ կետ կարելի է շարադրել, որն այսօր սեղանի վրա չկա իրականում», - կարծում է Մանուկյանը։

Խորհրդարանի մյուս ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Բաքուն վերջին շրջանի իր կոշտ հռետորաբանությամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ իր պահանջները բավարարելու համար։

«Ըստ էության, ի՞նչ է ասում Ադրբեջանը։ Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է կարճաժամկետ կտրվածքով Հայաստանից հայտնի ութ գյուղերը, որոնցից չորսն ունեն անկլավի կարգավիճակ, երկրորդը՝ ցանկանում է կարճաժամկետ կտրվածքով, ըստ էության, փաստաթղթավորված ստանալ նաև 21-22թթ. ընթացքում ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժած այդ հատվածների լեգիտիմացումը, որը տարբեր գնահատականներով՝ 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք է կազմում», - ասաց նա։

Ի դեպ, այսօր խաղաղության գործընթացին է անդրադարձել նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ շեշտելով՝ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացումը կարող է տևական ու կայուն խաղաղություն բերել։ Օսկանյանը տեղեկացրել է, որ այդ նպատակով Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ հանձնախումբ է ստեղծվել, որը համակարգելու է ինքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG