Մատչելիության հղումներ

Արցախահայերի վերադարձի համար անհրաժեշտ է լայն մանդատ ենթադրող միջազգային մեխանիզմ. միջազգային իրավունքի մասնագետ


Չնայած ԱՄՆ-ից, Եվրամիությունից և միջազգային տարբեր կառույցներից բարձր մակարդակով պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե Լեռնային Ղարաբաղից տեղահանված ժողովուրդը պետք է անվտանգ վերադարձի հնարավորություն ունենա, սակայն անցած 4 ամիսների ընթացքում արցախահայերի անվտանգ վերադարձի որևէ միջազգային մեխանիզմ այդպես էլ չի առաջարկվել։

Օրերս արցախահայերի արժանապատիվ և անվտանգ վերադարձի մասին խոսեց նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը՝ կրկին առանց մանրամասնելու, թե դա ինչպես է հնարավոր։

Միջազգային կառույցներն էլ չեն պատկերացնում, թե որ մեխանզիմի կիրառումը կապահովի արցախահայերի անվտանգությունն Ադրբեջանի կազմում. իրավապաշտպան

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է՝ պատճառն այն է, որ միջազգային կառույցներն իրենք էլ դեռևս չեն պատկերացնում, թե որ մեխանզիմի կիրառումը կապահովի արցախահայերի անվտանգությունն Ադրբեջանի կազմում, այդ իսկ պատճառով զերծ են մնում կոնկրետ առաջարկներից։

«Նրանք ևս հստակ մոդելներ չունեն և ավելին՝ ունեն մտավախություն, որ առաջարկվող մեխանիզմը կենսունակ չի լինի։ Միջազգային գործընկերները ևս քաջ գիտակցում են ատելության այն պաշարը, առանց որի վերացման հանցագործությունները էթնիկ հիմքով հայերի դեմ կրելու են շարունակական բնույթ, և այդ մեխանիզմները միգուցե ձևականորեն ներդրվեն, սակայն ունակ չեն լինելու կանխել հնարավոր հանցագործությունները, որի ռիսկայնությունը չափազանց մեծ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Իրավապաշտպանն ընդգծեց՝ այն փաստը, որ արցախցիների անվտանգ վերադարձի մեխանիզմներ այդպես էլ չեն գտնվում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայերի տեղահանումը կապված է եղել անվտանգային խնդիրների հետ, և որ արցախահայերը բնաջնջման իրական սպառնալիքի ներքո են լքել իրենց պատմական հայրենիքը։

Ըստ Սահակյանի՝ քանի դեռ այդ ֆիզիկական անվտանգության երաշխավորման հարցերը լուծված չեն, արցախահայերի վերադարձը հնարավոր չի լինելու. այս պարագայում խնդրի լուծման համար անհրաժեշտ է լայն մանդատ ենթադրող մեխանիզմ, ինչին Բաքուն չի համաձայնի՝ դա համարելով սպառնալիք իր ինքնիշխանությանը, իսկ թույլ մանդատ ունեցող մեխանիզմներն անվտանգային խնդիրները պարզապես չեն լուծելու։ Ըստ իրավապաշտպանի՝ դրա վառ օրինակը ռուս խաղաղապահների զորակազմն էր։

«Ռուս խաղաղապահների գոյության պայմաններում տեսանք մասսայական կերպով էթնիկ զտումների իրականացում, և հայերն արտաքսվեցին իրենց բնակավայրերից նույնիսկ ավելի վաղ, քան նախատեսված էր օրինակ՝ ռուսական խաղաղապահների տեղակայման վերջնաժամկետը։ Եվ հասկանալի է, որ այդ հանգամանքները նկատի ունենալով՝ միջազգային գործընկերները չունեն վստահություն, որ միջազգային այլ մեխանիզմները կարողանալու են կենսունակ գտնվել և իրենց առջև դրված խնդիրները լուծելու են», - շեշտեց նա։

Արցախահայերը երկու կարևոր նախապայման են առաջ քաշում Արցախ վերադառնալու համար

Սիրանուշ Սահակյանն ասում է, որ միջազգային մեխանիզմների փնտրտուքի հարցում չափազանց կարևոր են արցախահայերի ընկալումները։ Իր ղեկավարած «Միջազգային և համեմատական իրավունքի» կենտրոնի իրականացրած փաստահավաք առաքելության ընթացքում արցախահայերը երկու կարևոր նախապայման են առաջ քաշում, առանց որոնց որևէ դեպքում չեն վերադառնա Արցախ։ Դրանցից մեկն, ըստ իրավապաշտանի, այն է, որ արցախահայերը չեն ցանկանում ադրբեջանցիների հետ միասին բնակվել միևնույն վայրում, քանի որ նրանցից ֆիզիկական սպառանալիք են տեսնում։

«Երկրոդը, որ ուժ գործադրելու հնարավորություն տվյալ բնակավայրերում չպետք է ունենան ադրբեջանական ագենտները, այդ թվում՝ ոստիկանական կամ այլ զինված գործակալների կողմից՝ հաշվի առնելով, որ նախ ընդհանուր առմամբ նրանց գործելակերպը չարաշահող է և ավելի ընդգծված պատժողական է հայերի առնչությամբ», - ասաց իրավապաշտպանը։

Սիրանուշ Սահակյանի ղեկավարած կազմակերպությունը, որն այժմ 2023-ի սեպտեմբերյան իրադաձությունների վերաբերյալ փաստահավաք առաքելություն է իրականացնում, պատրաստվում է արցախահայերի բռնի դեպորտացիայի և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների վերաբերյալ փաստեր և ապացույցներ ներկայացնել Միջազգային քրեական դատարանի դատախազին։

Ի դեպ, այն, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, անցած աշնան ընդունված բանաձևում նշել էր Եվրոպական խորհրդարանը։ Սակայն Եվրոպական միությունը կառավարության մակարդակով այդօրինակ ձևակերպումներից առայժմ զերծ է մնացել։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նույնպես օրերս հրապարակած իր զեկույցում խուսափել էր գործածել «էթնիկ զտում» տերմինը։ Դունյա Միյատովիչը միայն նշել էր, թե Ադրբեջանի ռազմական գործողություններից և Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերհսկողությունից հետո Ղարաբաղի հայերը իրենց լքված են զգացել, առանց վստահելի անվտանգության կամ պաշտպանական երաշխիքների որևէ մեկի կողմից, և իրենց տները լքելը միակ հնարավոր տրամաբանական տարբերակն է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG