Արմեն Աբազյանն այսօր, նախագահի որոշմամբ, ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, րոպեներ անց արդեն, վարչապետի որոշմամբ, կրկին նշանակվեց նույն գործին։
Փաստացի, տեխնիկական այս փոփոխության պատճառը տարեվերջին «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում արված փոփոխությունն է, որին էլ իր հրամանագրում հղում է արել նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Դեկտեմբերին ընդամենը 24 ժամում իշխանական պատգամավորները փոփոխել էին օրենքը, որով այսուհետ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ և նրան այդ պաշտոնին նշանակում և ազատում է բացառապես վարչապետը։
«Մենք վստահ ենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և, իհարկե, կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հունվարի 9-ից ուժի մեջ մտած փոփոխության համաձայն, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է։
Փոփոխվել է նաև տեղակալների կարգավիճակը․ նրանք ևս համարվում են հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք և նրանց նշանակում և ազատում է դարձյալ վարչապետը՝ ԱԱԾ ղեկավարի առաջարկությամբ։
52-ամյա գեներալ-լեյտենանտ Աբազյանը Փաշինյանի իշխանության օրոք առայժմ ամենաերկարը պաշտոնավարած ԱԱԾ ղեկավարն է։ Նա այս պաշտոնին նշանակվեց 2020 թվականի նոյեմբերի 8-ն, 44-օրյա պատերազմի պարտությունից մեկ օր առաջ Փաշինյանն ազատել էր ընդամենը մեկ ամիս ԱԱԾ-ն ղեկավարած Միքայել Համբարձումյանին։
Նրանից առաջ ԱԱԾ էլի շատ կարճ՝ 4 ամիս ղեկավարել էր Արգիշտի Քյարամյանը, որն այժմ Քննչական կոմիտեի նախագահն է։
Քյարամյանից առաջ՝ 2019-ից մինչև 2020-ն անվտանգության ոլորտի առաջին պատասխանատուի պաշտոնը Փաշինյանը վստահել էր Էդուարդ Մարտիրոսյանին։ Իսկ Փաշինյանի առաջին ԱԱԾ տնօրենը Արթուր Վանենցյանն էր, որը մեկ տարի ղեկավարելուց հետո անցավ ընդդիմության շարքերը։
Անցած դեկտեմբերին ԱԱԾ օրվա կապակցությամբ Փաշինյանը գերատեսչությունում շնորհակալություն էր հայտնել ԱԱԾ աշխատակիցներին ու Աբազյանին՝ կարևոր աշխատանքի համար։
«Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված, կատարվող աշխատանքի համար: Իհարկե, ինչպես բոլորիս աշխատանքը, Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն էլ անթերի չէ և չի էլ կարող լինել, բայց պիտի արձանագրեմ, որ ընդհանուր առմամբ Ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարվա ընթացքում կատարել է անվտանգության ապահովելու իր առջև դրված խնդիրը», - նշել է վարչապետը:
Հենց ԱԱԾ տոնի կապակցությամբ նախագահի հրամանագրով Աբազյանին շնորհվել էր գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի: Վարչապետը, խոսելով կառույցի կարևորության, բարեփոխումների մասին, շրջանցել էր անվտանգային կոնկրետ խնդիրները։
Անցած տարի ԱԱԾ-ն լրահոսի կենտրոնում հայտնվեց, երբ Հայաստան-Արցախ երթուղու փոփոխության ժամանակ Սյունիքի մարզի Տեղ գյուղ էին ներխուժել ադրբեջանցիները՝ տարածքային ու մարդկային կորուստներ պատճառելով։
ԱԱԾ-ն այդ ժամանակ խոստովանեց, որ նրանք մի շարք հատվածներում նախատեսվածից ավելի էին առաջ եկել։ Արյունալի այդ բախումից ուղիղ մեկ օր անց վարչապետ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոստովանել էր, թե այդ իրավիճակը կանխատեսելի էր, և հենց դրա համար ինքը կոնկրետ անձանց տվել է կոնկրետ հանձնարարականներ: Մինչ օրս, սակայն, հայտնի չէ, թե ում ինչ հանձնարարական է տվել Փաշինյանը և ով չի կատարել այն։ «Ազատությանը» մոտ մեկ ամիս առաջ դատախազությունից ասել էին, թե գործով մեղադրյալ դեռ չկա։
Այդ օրերին պաշտոնանկ արվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, բայց պաշտոնապես այդպես էլ չհստակեցվեց՝ արդյո՞ք նրան հեռացնելու պատճառն այս միջադեպն էր։
ԱԱԾ մասին օրենքը տարեվերջին փոխվեց հրատապ ռեժիմում, դրանով վարչապետն այժմ առանց նախագահի հրամանագրի ինքը կնշանակի ու կազատի այս ոլորտի պատասխանատուներին։ Ընդ որում, խորհրդարանական ընդդիմությունը, որ դեմ քվեարկեց օրենքին, առանձնապես սուր չէր քննադատում։
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը միայն դժգոհեց, որ օրենքի այս պահանջը դեռ 2018-ից կար, ինչո՞ւ այսքան սպասեցին ու նոր դա իրագործեցին՝ պատգամավորներին պարտադրելով 24 ժամվա ընթացքում կատարել փոփոխությունը։
«Կառավարությունն իր աշխատանքում թերանում է, ուշացնում է փոփոխությունները, ուշացնում է գործողությունները, վերջում Ազգային ժողովին կանգնեցնում է փաստի առաջ. 24-ժամյա ռեժիմով պատգամավորներ արագ եկեք փոփոխությունը կատարեք, այնինչ կառավարությունը դրա համար ստանում է աշխատավարձ, ավելին, կառավարությունը ստանում է պարգևավճարներ: 18 թվականից մինչև 23 թվական մի կարևոր ոլորտում փոփոխությունները թերացել է կատարել», - ասաց Գեղամ Մանուկյանը:
Մյուս ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյան էլ հակադարձում էր՝ ինչո՞ւ այլ ուղղությամբ չեն գնացել. - «Փաստացի, Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում ենք պահպանել ոչ թե առնվազն գոնե կառավարության ենթակա մարմնի կարգավիճակում, այլ վարչապետի ենթակա մարմնի կարգավիճակում, արդյոք ազգային անվտանգությունն ավելի լայն չէ և չպետք է մասնակից դառնան սահմանադրական այնպիսի ինստիտուտները, ինչպիսին կառավարությունն է և ինչպիսին Ազգային ժողովն է: Փաստացի, հիմա դուք հանում եք նախագահի լիազորություններից»:
Այս հրատապ փոփոխությունը կառավարությունը հիմնավորել էր այսպես՝ «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքով ԱԱԾ-ն դիտարկվում է որպես վարչապետին ենթակա կառույց, բայց դրա ղեկավար կազմը նշանակվում ու ազատվում է նախագահի կողմից։ Եվ որպեսզի նրանց էլ նշանակի ու ազատի վարչապետը, օրենքը փոփոխվեց, հետևաբար փոփոխվեց նաև նրանց կարգավիճակը՝ զինվորականից վերածվելով հանրայինի։