Նախագահ Վահագն Խաչատրյանի այսօրվա հրամանագրով՝ Արմեն Աբազյանն ազատվեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աբազյանը կրկին նշանակվեց ԱԱԾ տնօրեն, բայց արդեն որպես հանրային պաշտոն զբաղեցնող անձ։
Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում դեկտեմբերի վերջին կատարված փոփոխություններով՝ «ԱԱԾ տնօրենի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ, ԱԱԾ տնօրենը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որին պաշտոնում նշանակում և ազատում է վարչապետը»։
Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2020-ի նոյեմբերի 8-ից:
Դեկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԱԱԾ՝ շնորհակալություն հայտնել ծառայության, աշխատանքի որակը շարունակաբար բարձրացնելու վճռականության համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքի և ծառայողական առաջընթացի առումով։
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն այդ օրը ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրեց ՀՀ վարչապետի հուշամեդալով: Նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով՝ Աբազյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։