Մատչելիության հղումներ

Դժվար իրավիճակներից հաղթած են դուրս գալիս այն ազգերը, որ աննկուն են մնում ոգով ու հավատքով. Գարեգին Երկրորդ


«2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի ապագային», - նշել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ամանորյա ուղերձում։

Վեհափառը շեշտել է, որ Արցախի բռնազավթման և հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով և առկա հիմնախնդիրներով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարել դժվարությունները։

«Փորձությունները հաճախ են պատահում ժողովուրդների կյանքում, սակայն դժվարին իրավիճակներից հաղթանակած են դուրս գալիս այն ազգերը, որոնք աննկուն են մնում ոգով ու առ Աստված հավատքով և արիաբար դիմակայում նեղություններին ու մարտահրավերներին», - ասել է Գարեգին Երկրորդը՝ միասնականության կոչ անելով։

«Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված։ Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին և Բարձրյալի օգնականությունը հայցենք անհայտ կորած և գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին», - ասել է Կաթողիկոսն իր ուղերձում։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռը այսօր հայտնեց, որ Հանրային հեռուստաընկերությամբ Կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հրապարակվում, քանի որ Հ1-ը հրաժարվել է այն հրապարակել կեսգիշերից առաջ, ինչպես ամեն տարի է եղել։

XS
SM
MD
LG