Պետության ու ժողովրդի համար ծանր կորուստներով, դժվարին փորձություններով, հաջողություններով ու ինքնիշխանության համար պայքարով լի էր 2023 թվականը, նախագահ Վահագն Խաչատուրյանն է նշել ամանորյա ուղերձում։
«Հեռացող տարում բազմաթիվ էին մեր երկրի համար ուժերի գերլարման ու մարտահրավերներին դիմակայելու դրվագները, որոնք նաև բազում մտորումների ու արժևորումների տեղիք են տալիս:
Արցախահայության բռնի տեղահանումն իր հազարամյա հայրենիքից, Հայաստանի ներքին ու արտաքին հաջողություններն ու ձախողումները, մեր երկրի տնտեսական վերելքը, հանրային կյանքում ընթացող իրադարձությունները ձևավորում են մեր պետության առաջնահերթությունները գնահատելու, մեր երկրի տեղն ու դերը փոփոխվող աշխարհում ամրագրելու, հարևանների և գործընկերների հետ հարաբերությունները հստակեցնելու հրամայականը», - նշել է երկրի նախագահը՝ հավելելով՝ հավատում է ՀՀ չկոտրվող ներուժին:
Նա վստահություն է հայտնել, որ հայ ժողովրդին բաժին հասած փորձություններն ավելի ուժեղ, ամուր ու միասնական են դարձնելու:
«Մաղթում եմ բոլորիս ընտանիքներին անսպառ երջանկություն, անվտանգ ու խաղաղ հայրենիքում արարելու բերկրանք, կերտելու ու կառուցելու կորով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորության ու բարօրության», - ասված է Վահագն Խաչատուրյանի ուղերձում:
Ընթանում ենք որքան էլ դաժան, բայցևայնպես միակ հնարավոր ճանապարհով, որը հնարավորություն կտա պետություն ժառանգել մեր սերունդներին, ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ճանապարհի մեծ մասն անցել ենք, բայց առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք, և մեզ հարկավոր է չսասանվել, չերկմտել անկախ պետություն ունենալու և այդ պետությունը մեր սերունդներին ժառանգելու մեր վճռականության մեջ», - նշել է երկրի ղեկավարը:
Նաև ներողություն է խնդրել բոլորից՝ Հայաստանի Հանրապետության բոլոր, Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած քաղաքացիներին այն ցավի համար, որ վերջին տարիներին ապրել են:
«Այս զգացումը որևէ կերպ չի կարող սասանել պետության ղեկավարի իմ պարտքը, որից բխում է, որ իմ բոլոր որոշումներն ու գործողությունները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության պետական շահից: Այս է պատճառը, որ ես առաջնահերթ եմ համարում մեր տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խորացման բանաձևեր գտնելը և շարունակելու եմ վճռականորեն ընթանալ այդ ճանապարհով՝ հանուն պետության, հանուն ապագայի, հանուն սերունդների», - շեշտել է նա, համոզմունք հայտնել՝ 2024 թվականը պետության ու պետական ըմբռնման խորհրդանիշ է դառնալու մեզ համար:
«2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի ապագային», - նշել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ամանորյա ուղերձում։
Վեհափառը շեշտել է, որ Արցախի բռնազավթման և հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով և առկա հիմնախնդիրներով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարել դժվարությունները։
«Փորձությունները հաճախ են պատահում ժողովուրդների կյանքում, սակայն դժվարին իրավիճակներից հաղթանակած են դուրս գալիս այն ազգերը, որոնք աննկուն են մնում ոգով ու առ Աստված հավատքով և արիաբար դիմակայում նեղություններին ու մարտահրավերներին», - ասել է Գարեգին Երկրորդը՝ միասնականության կոչ անելով։
«Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված։ Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին և Բարձրյալի օգնականությունը հայցենք անհայտ կորած և գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին», - ասել է կաթողիկոսն իր ուղերձում։
Որ 2023 թվականը ծանր տարի էր ոչ միայն հայ, այլև շատ այլ ժողովուրդների համար, իր ուղերձում արտգործնախարար Միրզոյանն է արձանագրել։
«Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի մեր ընտանիքների համար, հաջողակ տարի՝ ավելի լավ ապագայի ձգտողների համար», - մաղթել է նախարարը։
Խաղաղության շեշտադրումն է արել նաև Ազգային ժողովի նախագահը։ Խաղաղության հնարավորությունը երբեք այսքան մոտ չի եղել, հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
«Մենք կռվել գիտենք, և հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին, հայ ժողովրդին, մենք պարտավոր ենք իրականացնել մեր երեխաների երազանքը», - նշել է նա՝ հորդորելով այս հարցում լինել միասնական, - «Մենք պետք է հասնենք խաղաղության ու նորմալ հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարևանների հետ»:
ԱԺ խոսնակն ընդգծել է՝ դժվար է, բայց պետք է վերջ դնենք ատելությանը, անհանդուրժողականությանը, ավելի ուժեղի, ավելի լավի փնտրտուքը դադարեցնենք։