Մատչելիության հղումներ

Լճաշենը ջերմությամբ է ընդունել 178 արցախցիներին՝ չնայած աննախադեպ ձյանն ու բքին


«20 տարի այսպիսի բուք չէինք տեսել», - Լճաշենի հնաբնակներն ապշած են։ Առաջին անգամ այս աննախադեպ ձյան ու բքի մեջ ընկան Գեղարքունիքի մարզի այս գյուղում հաստատված 178 արցախցիները։

Նրանցից միայն փոքրիկ Դենիսն էր համարձակվել փողոց դուրս գալ՝ պապիկի հետ: 7-ամյա տղայի բառապաշարը չի հերիքում ցուրտը նկարագրելու համար։ Պապիկը՝ Առնոլդ Պետրոսյանը, 64 տարի ապրել է Երկիր մոլորակի վրա, ավելի կոնկրետ՝ Արցախի Թաղավարդում. - «Էս ձևի կլիմա, եղանակ ես չեմ տեսել՝ առավոտ քամի, գիշերը քամի ...»:

Քամին կհանգստանա, Առնոլդ պապի սիրտը՝ ոչ. - «Գարուն գա, մենք հետ դառնանք գնանք մեր հողին տեր դառնանք, չեմ կարում համակերպվել»:

Լճաշենի զբոսայգում տոնական ծառ կա, բուքուբորանից դեռ կանգուն է, բայց ամայի տարածքում տարեմուտի ոչ մի շունչ չկա։ Իսկ տներո՞ւմ:

Ստեփանակերտցի Նարինե Հախնազարյանի երեք թոռնիկները հարևանի տոնածառի շուրջ մի քանի օր առաջ թռչկոտեցին, Դանիելի, Մարիի ու Յանայի ամանորն այդքանն էր։ Որտեղից որտեղ էլ այս քամին, որ տանիքի թիթեղներն այնպես է շարժում՝ փոքրերը կարծում են՝ Լճաշենում ռազմական գործողություն է։

Անծանոթ այս գյուղը արցախցիներին ջերմությամբ ու սիրով ընդունեց, հարևանները քաղցրով գնում-գալիս են, հարցուփորձ անում, Նարինեն ասում է՝ իրենց ուշքն ու միտքը, սակայն, կորցրած ծննդավայրն է, փոքրիկների սիրելի ժամանցը՝ Ստեփանակերտում անցկացրած տոների տեսագրություններն անվերջ դիտելը։

Ամանորի սեղանի ոգելիցը այս տարի, վերջին տարին անփոփոխ կլինի՝ Արցախից մի քիչ օղի կարողացել են Լճաշեն հասցնել, անփոփոխ է նաև մաղթանքը՝ «խաղաղություն լինի աշխարհում, ոչ մի ծնող չտեսնի էն դառնությունը»:

Փոքրիկ արցախցու նամակը Ձմեռ Պապին
Փոքրիկ արցախցու նամակը Ձմեռ Պապին

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG