Մատչելիության հղումներ

Արցախցի 3-ամյա Հայկն իր նոր տոնածառին է սպասում


Երեքամյա Հայկն իր տոնածառը կորցրել է ծննդավայր Արցախում, փոխարենը հիմա զմայլվում է մանկապարտեզի տոնածառով։

Անցած ամանորին, չնայած Արցախի շրջափակմանը, փորձել էին ուրախացնել Հայկին․ մեծ քույրերն ու եղբայրը զարդարել էին տոնածառը, ժպտացող փոքրիկին լուսանկարել։ Հիմա Հայկը սպասում է նոր տոնածառին, անգամ տեղն է որոշել, բայց որ նորից չկորցնի։ «Սրա մեջ պիտի դնեմ, որ չկորցնեմ», - ասում է փոքրիկը։

Հայկի բազմանդամ ընտանիքում հերթը տոնածառին ու նվերներին դեռ չի հասել․ Հայաստանի կառավարությունը Հայկի ընտանիքին ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ դեռ պետք է տրամադրի, անցած երեք ամսվա ընթացքում միայն հայրն ու չափահաս քույրն են ստացել դրամական օգնությունը:

Հայկի հայրը արցախյան պատերազմների մասնակից է, սպա, որ նոր աշխատանքի է անցել զորամասերից մեկում, առաջին աշխատավարձը օրեր առաջ է ստացել։ Մայրը՝ Արմինեն մաթեմատիկայի ուսուցչուհի է, տեղավորվել է գյուղի դպրոցում, ամսվա սկզբում տհաճ անակնկալ եղավ՝ առաջին աշխատավարձը նստեց քարտին, բայց րոպեներ անց փոխանցվեց դեռ 2020-ի պատերազմից առաջ վերցրած վարկերին։

Օրերս Արմինեն Արարատի մարզի Լուսառատ գյուղից հասել էր Երևան՝ սոցիալական ծառայություն՝ պարզելու՝ որն է խնդիրը, որ ընտանիքի ոչ բոլոր անդամներն են ստացել կառավարության աջակցությունը։ Հավաստիացրել էին՝ հարցը տեխնիկական է, մի քանի օրում արդեն կլուծվի։ Երեկ արդեն 100 հազարը փոխանցվեց հաշվին։

Թվում է, մեծ գումար է, բայց արդեն բաշխված է՝ առաց ցանկ կազմելու էլ գիտեն՝ ինչի վրա են ծախսելու։ Ձմեռային հագուստ, կոշիկ չունեն, դա կգնի, փոքր տոնածառ Հայկի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG