Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, երեկ հայտարարել է աշխատանքային այցով հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստան ժամանակ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ շեշտելով՝ այն տարածաշրջանում երկարատև կայունության և զարգացման երաշխիք կարող է լինել:
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանի ղեկավարները հանդիպել են Դիլիջանում, նախ առանձնազրույց ունեցել, ապա հանդիպումը շարունակել ընդլայնված կազմով։
Ըստ հայկական կողմի՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին:
ԱԺ խոսնակը առաջարկել է Վրաստանին միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է: Բարձր ենք գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը և ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: Վրաստանի կառավարության «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»,- փաստել է ԱԺ նախագահը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:
Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես անաչառ և չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։
«Վրաստանի ԵՄ թեկնածու կարգավիճակ ստանալը կարևոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար»
Անցած շաբաթ Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհեց։
Վրաստանի Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը կարևոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար, ասել է Սիմոնյանն ու շնորհավորել Պապուաշվիլիին։
Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ընդգծել է Հայաստանի ԱԺ խոսնակն ու հույս հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերություն հաստատել:
Ըստ վրացական կողմի՝ Շալվա Պապուաշվիլին և Ալեն Սիմոնյանը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, պայմանավորվել են կոնկրետ նախաձեռնություններ իրականացնել խորհրդարանական համագործակցության խորացման ուղղությամբ։
Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցեր։