Մատչելիության հղումներ

«Վրաստանը չի մասնակցում և չի մասնակցելու «3+3» ձևաչափով քննարկումներին»․ Դարչիաշվիլի


«Մեր գլխավոր նպատակը՝ երկու բարեկամ և եղբայրական ժողովուրդների հետ տարածաշրջանում խաղաղության և կայունություն ապահովելն է», - այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին՝ Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում։

Ընդգծելով, որ Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում բավականին անկողմնակալ դեր ունի՝ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ Թբիլիսիի գործադրած ջանքերը դրական արդյունքներ են տվել։

Դարչիաշվիլիի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են բացեիբաց խոսել խաղաղության անհրաժեշտության, խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին։

Հարցին, թե ի՞նչ ձևաչափեր կարող է ներկայացնել Թբիլիսին հարաբերությունների կարգավորման համար, արտգործնախարարը վերահաստատել է Թբիլիսիի դիրքորոշումը՝ Վրաստանը չի մասնակցել, չի մասնակցում և չի մասնակցելու «3+3» ձևաչափով քննարկումներին։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Պաշտոնական Թբիլիսին դեռ այն ժամանակ է հայտնել, որ հրաժարվում է մասնակցել հավաքներին՝ նշելով՝ Ռուսաստանի հետ միևնույն ձևաչափում չի կարող լինել, քանի դեռ Ռուսաստանը չի հանել զորքը Աբխազիայից և Հարավային Օսիայից:

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին այդօրինակ հավաքը: Իսկ այս տարվա հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցած հանդիոպում արդեն արտգործնախարարների մակարդակով, որին Թբիլիսին կրկին չէր մասնակցում։ Հայտարարվեց, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG