Մատչելիության հղումներ

Վանաձորի համայնքապետարանն այս տարի 10 միլիոնով ավելացրել է ամանորյա ծախսերը


Վանաձորի համայնքապետարանն այս Ամանորին նախորդ տարվանից 10 միլիոն դրամով ավելի կծախսի, թեև անցած տարի համայնքի ղեկավարները վստահեցնում էին, թե նախկինների սխալները խմբագրել ու հիմա ավելի քիչ են ծախսելու:

2022-ին համայնքապետարանի մշակույթի բաժնի պետի պաշտոնակատար Քրիստինե Մադոյանն «Ազատությանն» ասել էր՝ նոր զարդեր ու պարագաներ են գնել, որոնք խնամքով կպահեստավորեն՝ ապագայում ևս օգտագործելու համար։ Նշում էր, որ նախկինում երբեք համայնքն իրենը չի ունեցել։ Վարձակալել են, ինչը թանկ է նստել քաղաքապետարանի վրա։ Անցած տարի որոշել էին մեկ անգամ խոշոր գումար վճարել, սեփականը գնել։

Անցած տարի զարդարանքի բոլոր անհրաժեշտ պարագաներով հանդերձ Ամանորին համայնքապետարանը 15,5 միլիոն էր ծախսել, այս տարի արդեն՝ ավելի քան 24 միլիոն։ Համայնքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանն ասում է՝ գնածի 60 տոկոսն էր պահպանվել։ Պնդում՝ ոչ թե վատ են պահպանել, այլ տոնական զարդարանքը հավաքելիս վնասվել են լույսեր, խաղալիքներ և այլն։ Մրցույթում շահած «Կար-Սլեյթ» ընկերությունը, որ նաև նախորդ տարվա հաղթողն էր, ստիպված է եղել նորերը գնել ու նաև ավելացնել որոշ զարդարանքներ հրապարակում ու փողոցներում։

«Ավելացվել է, որպեսզի կարողանանք նաև քաղաքի կենտրոնում նախորդ տարվա համեմատ մի քիչ այլ ձևավորում ստանալ», - նշեց Ավետիքյանը:

Թեև նախորդ տարվա ակնկալած խնայողությունն այդպես էլ չի ստացվել, Աստղիկ Ավետիքյանը ոչ թե վարձակալության, այլ գնումների տարբերակը տեղին է համարում։ Այս տարի էլ նախորդի նման հազարավոր մետրերի լույսեր ու մետաղալարեր, դեկորներ ու երկաթյա հիմքեր են ձեռքբերել, որոնց վրա, ըստ նախորդ տարվա պնդումների, պետք է որ համայնքապետարանն այլևս գումար չծախսեր։ Բայց պարզվել է՝ այս տարի էլ կարիքը կա։ Եվս 2 միլիոն դրամ էլ ծախսվել է հյուրասիրութան վրա, որը կազմակերպվել է Վանաձորի ռեստորաններից մեկում։ Համայնքապետարանից ասացին՝ հյուրերն իրենց աշխատակիցները, պարգևատրված մարզիկներն ու այլ պատվավոր քաղաքացիներ են եղել։

«Դրա փոխարեն կարելի՞ էր ուրիշ բան անել, այո, կարելի էր, արդարացվա՞ծ է, որ արվել է, այո, արդարացված է: Ամեն միջոցառում, ամեն մի դրվագ իր տեղն ունի, դա էլ հնարավորություն էր նաև մեր քաղաքի վաստակավոր մարդկանց հարգանք ու պատիվ ցույց տալու, նաև որոշակի տոնական մթնոլորտ ստեղծելու», - ասաց Աստղիկ Ավետիքյանը:

Միակ բանը, որի վրա Վանաձորում տնտեսում են՝ տոնածառն է՝ բնությունից, արդեն 47 տարեկան։ Չորսհարկանի մարզպետարանի շենքին գրեթե հավասարվող եղևնին ավելի քան 16 մետր բարձրություն ունի։ Պատասխանատուները վստահեցնում են՝ դեռ երկար կծառայի։

Վանաձորում երեկ վառվեցին տոնածառի լույսերը, հրավառություն եղավ։ Հրապարակում բազմաթիվ Ձմեռ պապեր ու ձյունանուշիկներ գործի են անցել։

Հրապարակ է տեղափոխվել նաև շահումով խաղեր կազմակերպող գործարարը, որոնք կես տարի առաջ դեռ համայնքապետարանն ու ոստիկանությունը ապօրինի էին որակել ու մի քանի անգամ տուգանել։ 2023-ը, սակայն, ավարտվում է գործարարի հաղթանակով, որի դեմ համայնքապետարանն ու ոստիկանությունը, փաստացի, անկարող եղան։

 Շուրջ 24 մլն դրամ. ավելի թանկ Ամանոր՝ Վանաձորում
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG