Մատչելիության հղումներ

Կառավարությունը ջանքեր է գործադրում տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ․ Քերոբյան


ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճն 2023-ին կազմել է 41 տոկոս, Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ենթադրելով, որ այդ միտումը կպահպանվի հետագա տարիներին՝ Քերոբյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ կառավարությունն ավելի մեծ ներդրումներ է անում այլ ուղղություններով առևտրաշրջանառության աճի և արտաքին տնտեսական գործունեության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։

Օրեր առաջ Երևանում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս փաստեց՝ 2023-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 40 տոկոսով։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում մենք դրական դինամիկա ենք արձանագրում, այս պահին տարվա տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն մեր ունեցած տեղություններով՝ առևտրաշրջանառության ծավալն աճել է 43,5 տոկոսով: Ուզում եմ նշել, որ երկու երկրների տնտեսական օպերատորների հիմնական հաշվարկները կատարվում են ռուսական ռուբլով: Ռուսական մասնաբաժինն արդեն կազմում է ավելի քան 90 տոկոս: Սա շատ լավ ու կարևոր ցուցանիշ է, որը թույլ է տալիս մեզ բավական արդյունավետ փոխգործակցել ու զարգացնել մեր առևտրատնտեսական կապերը», - նշել է Օվերչուկը:

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը 2022-ին 5 միլիարդ դոլարի է հասել։ Հայաստանից անցած տարի շուրջ 2,5 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել: 2021-ի համեմատ այս թվերը գրեթե կրկնակի աճել են, իսկ միայն այս տարվա առաջին 10 ամիսներին արդեն անցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։

Սակայն 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երևանը հաճախ է խոսում արտաքին ուղեգծում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական դիվերսիֆիկացիայի ապահովման անհրաժեշտության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG