Մատչելիության հղումներ

Ուռճացված է խոսակցությունը, թե ՔՊ-ն ցանկանում է իշխանության գալ բոլոր տեղերում. Ալեն Սիմոնյան


«Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցական ղեկավար կազմով Գյումրիում է։ Երկօրյա դռնփակ քաղաքական ժողովներ են անցկացնելու։

Վերջին շրջանում իշխող կուսակցությունը վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շաբաթվա ընթացքում 2-3 նիստ է անցկացնում ու հակիրճ հաղորդագրություններ տարածում, թե գաղափարական հարցերի են անդրադառնում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են քննարկում այդքան հաճախ։

«Օրակարգն ամեն անգամ տարբեր է ու ստեղծված իրավիճակը քննարկում ենք և շատ կարևորում ենք, որ տեղում մեր կուսակիցներն ու այն պաշտոնյաները, որոնք ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիրը», մաքսիմալ ներգրավված լինեն: Ամեն անգամ քննարկումը տարբեր է», - ասաց Սիմոնյանը:

Հայաստանում արտահերթ ընտրությունների հարց չկա, դրա կարիքը չի տեսնում ԱԺ-ի նախագահը. - «Նման խոսակցություն ոչ եղել է, ոչ կա, ոչ էլ դրա կարիքը կա»:

Օրերս «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում խզեց «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիոն համագործակցությունն ու որպես ընդդիմություն դիրքավորվեց։ Քաղաքական այս ապահարզանին նախորդել էին Ալավերդիի զարգացումները, որտեղ ևս ՔՊ-ն ընդդիմություն էր, սակայն անվստահություն հայտնեց քաղաքապետին ու իր թեկնածուին ընտրեց։

Կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ուռճացված համարեց այն քննարկումները, թե ՔՊ-ն ամեն գնով ցանկանում է իշխանության գալ Հայաստանի այն համայնքներում, որտեղ ընտրությունների արդյունքում մեծամասնություն չի ստացել։

«Մի քիչ ուռճացված է այդ խոսակցությունը կապված նրա հետ, որ «Քաղաքացիական պայմանագրի» համար մշտապես բոլոր տեղերում սկզբունքային հարց է՝ ամեն գնով գալ իշխանության, նման բան չկա: Մենք ունենք բազմաթիվ համայնքներ, որտեղ մենք ընդդիմություն ենք և Գյումրիում կգործեն մեր ավագանիները՝ որպես ընդդիմադիր գործիչներ, որովհետև այն համագործակցությունը, որը տեղի ունեցավ, չի գոհացնում մեր այստեղի խմբակցությանը և մեզ չի գոհացնում, որովհետև ինչ դրական բան լինում էր, բանական է, վերագրվում էր նախկին դաշնակցին, ինչ բացասական բան լինում էր, ասվում էր, որ դա «Քաղաքացիական պայմանագրի» պատճառով է, ստվերվում է «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը, ուստի ինչ-որ ժամանակ՝ մինչև նոր ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիրը» կգործի որպես ընդդիմադիր խմբակցություն: Ի դեպ, նմանատիպ վերաբերմունք նաև կար Վանաձորում, ասում էին, որ մենք ամեն ինչ արեցինք, բայց իրականում 3-րդ ուժի ներկայացուցիչը դարձավ քաղաքապետ», - նշեց Սիմոնյանը:

Թեև ՔՊ-ն չի ընդունում ամեն գնով իշխանությունը վերցնելու մասին քննադատությունը, բայց Ալավերդիից բացի կուսակցությանը հաջողվել է հետընտրական փուլում իշխանության գալ մի քանի այլ համայնքներում ևս՝ օրինակ, Անիում, Ախուրյանում։ Ալեն Սիմոնյանը սա օրինական գործընթաց է համարում. - «Ալավերդիի օրինակը ևս մեկ օրինակ է, որտեղ 27 ավագանիներից 23-ը քվեարկել են ու անվստահություն են հայտնել»:

Այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն ընդդիմություն է, մինչև ընտրական գործընթացներ մնալու է ու փորձելու է ընտրություններում հաջողության հասնել, շարունակեց Ազգային ժողովի խոսնակը։

«Խնդրում եմ՝ այդ գնահատականները տալուց միշտ զգույշ լինել, նաև սեփական փորձը նայել: «Քաղաքացիական պայմանագիրը» այնտեղ, որտեղ ընդդիմադիր է, գործելու է որպես ընդդիմադիր և փորձելու է գալիք ընտրություններին հասնել հաջողության, դա նորմալ քաղաքական գործընթաց է», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Գյումրիում հերթական ընտրություններին դեռ 3 տարի կա։ 33 մանդատ ունեցող ավագանիում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ այս պահին չկա։ «Բալասանյան» դաշինքին դժվար է լինելու կառավարման հարցում, քանի որ որոշումների ընդունման համար երեք մանդատ պակասում է։

XS
SM
MD
LG