Մատչելիության հղումներ

Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց Թամազյանին, նոր համայնքապետը Ղումաշյանն է


Ալավերդու նորընտիր համայնքապետ Դավիթ Ղումաշյանը (ձախից) և «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը քաշքշոցի ժամանակ, 5-ը դեկտեմբերի, 2023թ.
Ալավերդու նորընտիր համայնքապետ Դավիթ Ղումաշյանը (ձախից) և «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը քաշքշոցի ժամանակ, 5-ը դեկտեմբերի, 2023թ.

Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Ապրելու երկիր»-ը լքած մեկ անդամի հետ այսօր նիստ անցկացրեց ու պաշտոնանկ արեց մեկ տարի առաջ ընտրված համայնքապետ Արկադի Թամազյանին։ Նրա փոխարեն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Իշխանափոխությունը տեղի ունեցավ շիկացած մթնոլորտում:

Վաղ առավոտից համայնքապետարանի շենքի մուտքերը շրջապատել էին ոստիկաններ ու Ալավերդու տասնյակ բնակիչներ։ Իրավապահներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հատուկ գործիքներով էին եկել՝ բացելու դահլիճի դուռը, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր»-ը նիստ անցկացնելու հնարավորություն ունենա։ Համայնքապետարանն այս գործընթացն ապօրինի էր որակել, աշխատակազմը նիստին չէր մասնակցում։

Մեկ տարի առաջ ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Ապրելու երկիր»-ը հավասար թվով մանդատներ էին ստացել։ Հայ ազգային կոնգրեսն իր մեկ մանդատով միացել էր «Ապրելու երկրին», Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը Ալավերդիում դարձել էր ընդդիմություն։ Բայց ամիսներ անց, «Ապրելու երկրի» երկրորդ համարը՝ Սիմոն Զախարովը, դուրս եկավ իր խմբակցությունից ու սկսեց աջակցել հակառակ ճամբարին՝ որպես անկախ պատգամավոր։ Այսօր այդ մեկ ձայնի շնորհիվ, փաստացի, «Ապրելու երկրի» ներկայացուցիչը պաշտոնանկ արվեց:

Համայնքը մեկ տարի ղեկավարող Արկադի Թամազյանը ոստիկանական պատը ճեղքելով նիստերի դահլիճ մտավ, երբ ավագանին քվեարկությունը գրեթե ավարտում էր։ Փոխադարձ վիրավորանքներ ու հրմշտոց սկսվեց, երբ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները պնդեցին՝ նիստն ու քվեարկությունը օրենքի խախտումով է տեղի ունենում։

Նիստին ներկա էր նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ավագանու ընտրություններին ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն էր, բայց «Ապրելու երկրին» պարտվելուց հետո հրաժարվեց ավագանու մանդատից ու վերադարձավ խորհրդարան։ Նիստերի դահլիճում վիրավորանքները հենց նրա ու գործող համայնքապետ Արկադի Թամազյանի միջև էին։

Ի վերջո, ավագանու 27 անդամներից 14-ի մասնակցությամբ տեղի ունեցած քվեարկությունից հետո պնդեցին, թե օրենք չեն խախտել, ամեն ինչ իրավաչափ է, ու երեք օրից նորընտիր համայնքապետի երդմնակալությունը տեղի կունենա։

Պաշտոնանկ արված Արկադի Թամազյանն, իր հերթին, աջակիցներին հայտարարեց, որ պայքարելու են, տեղի ունեցածը վիճարկեն նաև դատարաններում։

«Սա վերջը չի՝ սա սկիզբն ա ամեն ինչի, դիմացեք, և պայքարը հենց էսօրվանից սկսելու ա՝ ամեն առումներով: Վաղը-մյուս օրը, էս ընթացքում մեր փաստաբանները կդիմեն դատարան, և լրացուցիչ ձեզ տեղեկություն կտրամադրենք», - ասաց պաշտոնանկ արված համայնքապետը:

Թամազյանը նաև «առնետավազքից» էր խոսել՝ նախկին թիմակից Սիմոն Զախարովին մեղադրելով ճամբարափոխության մեջ։

Զախարովը, մինչդեռ, պնդում է, թե չի ընդունել գործող ղեկավարի քաղաքականությունը։ Հերքում է, թե իր նկատմամբ ճնշումներ են եղել։

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներից Մարիաննա Պեպանյանն օրերս «Ազատությանը» հայտնել էր, որ իր նկատմամբ եղել են ճնշումներ՝ մանդատը վայր դնելու հարցում, երբ ինքը որոշել էր չմիանալ կուսակիցների ծրագրած իշխանափոխությանը։ Ի վերջո նա հրաժարվեց մանդատից, «Քաղաքացիական պայմանագիր»-ը պահպանեց ձայները, այսօր էլ համայքապետ ընտրեց։

Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց Թամազյանին, նոր համայնքապետը Ղումաշյանն է
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG