«Զանգեզուրի միջանցք» տերմինը Մոսկվան չի օգտագործում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տարածաշրջանի այս հատվածի համար կիրառում ենք Ադրբեջանից Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզով Նախիջևան տանող երթուղիներ տերմինը», - ասել է նա այսօրվա ճեպազրույցում՝ արձագանքելով պաշտոնական Երևանին։
«Ես պարզապես չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչի մասին են նրանք խոսում, երբ օգտագործում են ճնշում բառը: Ո՞վ է ում վրա ճնշում գործադրում», - ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման համար, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմնակից է։
«Երբեք խոսք չի եղել արտատարածքային միջանցքներ ստեղծելու մասին, և դա լավ հայտնի է նաև հայկական կողմին։ Եռակողմ աշխատանքային խումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Այնտեղ նշված է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության դերը Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկման գործում: Հենց սա է մանրամասն քննարկվել ճեպազրույցում։ Պաշտոնական Երևանի համար այս ամենը նորություն չէ», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նաև հարկ է համարել շեշտել, որ «ռուս սահմանապահները երկար տարիներ հաջողությամբ պահպանում են Հայաստանի սահմանները Իրանի և Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածությունների հիման վա»։
Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը պետք է վերահսկեն ոչ թե հայերը, այլ Ռուսաստանի անվտանգության ծառայության սահմանապահները, պնդելով, թե այդ մասին նշված է նոյեմբերի 9-ի և դրանից հետո ստորագրված եռակողմ փաստաթղթերում։
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն, ի պատասխան՝ նշել էին Երևանից։