Մատչելիության հղումներ

Եթե ԵՄ գագաթնաժողովում մերժեն թեկնածուի կարգավիճակ տալ, Վրաստանը մեծ պարտություն կկրի. նախագահ Զուրաբիշվիլի


Այս օրերին որոշվում է Վրաստանի եվրոպական ապագան, եթե Եվրամիության գագաթնաժողովում կրկին մերժեն թեկնածուի կարգավիճակ տալ, Վրաստանը մեծ պարտություն կկրի, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահը։

«Ամեն ինչ կարող է պատահել, բայց հիասթափությունը հսկայական կլինի: Եվ դա մեծ բավականություն կպատճառի Ռուսաստանին», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Այսօր և վաղն անցկացվող Եվրամիության գագաթնաժողովում կքննարկվեն միության ընդլայնման հարցերը։ Գագաթնաժողովը պետք է որոշի՝ Վրաստանը ստանում է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, թե ոչ. - «Ռուսաստանը կհավատա, որ Վրաստանը մնում է գորշ գոտում։ Եվ մենք բոլորս գիտենք՝ Ռուսաստանի համար սա նշանակում է, որ այդ երկրի հետ կարելի է խաղալ»։

Անցած տարի Ուկրաինան և Մոլդովան ստացել էին թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը՝ ոչ։ Այսօրվա գագաթնաժողովում նաև Ուկրաինային, Մոլդովային ու Բոսնիա և Հերցեգովինային կարող են թույլ տալ բանակցություններ սկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ։ Ընդլայնմանն ընդդիմանում է Հունգարիան։ Նախագահ Վիկտոր Օրբանը հայտարարել է՝ այսօր ոչ ոք չգիտի, թե ինչ է ենթադրելու Ուկրաինայի անդամակցությունը։ Ըստ նրա՝ ներկայիս ռազմական հակամարտության պատճառով պարզ չէ, թե ինչ տարածքով է երկիրը մտնելու միություն։

Թբիլիսիում մտավախության կա, որ Օրբանի այս դիրքորոշումը կարող է ազդել նաև Վրաստանի թեկնածության վերաբերյալ Եվրամիության որոշման վրա։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո վրացական իշխանությունները շարունակում են գնալ Արևմուտքի հետ մերձեցման ուղղությամբ՝ միաժամանակ չսրելով հարաբերությունները Մոսկվայի հետ։ 2023թ. հոկտեմբերին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որին ընդիմությունը մեղադրում է ռուսամետ լինելու համար, փորձեց իմպիչմենտի ենթարկել արևմտամետ համարվող նախագահ Զուրաբիշվիլիին, փորձը, սակայն, անհաջող էր։

Պատմական որոշման նախօրեին վարչապետ Ղարիբաշվիլին նույն բովանդակությամբ նամակներ է ուղարկել ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Նամակում Ղարիբաշվիլին նշում է, որ ԵՄ թեկնածուի կարգավիճակի շնորհումը լրացուցիչ խթան կհաղորդի Վրաստանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը. «Մենք կարծում ենք, որ Եվրամիության ակտիվ մասնակցությունը վճռորոշ կլինի Վրաստանի օկուպացված շրջանների խաղաղ վերաինտեգրման և պառակտված հասարակության հաշտեցման ապահովման գործում։ Վրաստանի ապագան Եվրամիությունում է, և դրան այլընտրանք չկա։ Մեր երկիրն ու կառավարությունն անհամբեր սպասում են, որ ԵՄ անդամ երկրներն այս շաբաթ կկայացնեն ռազմավարական և հեռանկարային որոշում, որը ամուր կկապի ԵՄ ապագա անդամ Վրաստանը եվրոպական ժողովրդավարական երկրների ընտանիքին»:

Օրերս Թբիլիսիում հերթական բազմահազարանոց երթն էր հանուն եվրաինտեգրման։ Ըստ տարբեր հարցումների՝ Վրաստանի ժողովրդի մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցությանը, փորձագետների կարծիքով՝ ԵՄ գագաթնաժողովի որոշումը կազդի նաև գալիք տարի Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

XS
SM
MD
LG