Մատչելիության հղումներ

Նարիշկին. «Արևմուտքը ցանկանում է «երկրորդ Աֆղանստանի» վերածել Ուկրաինայի հակամարտությունը»


ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Գիտակցելով, որ Ռուսաստանին հաղթել հնարավոր չէ՝ արևմտյան քաղաքական գործիչները կփորձեն ձգձգել Ուկրաինայում ընթացող հակամարտությունը և այն վերածել «երկրորդ Աֆղանստանի», «Ռազվեդչիկ» («Հետախույզ») հանդեսին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, կարելի է ակնկալել, որ արևմտյան քաղաքական գործիչները, մեր երկրի նկատմամբ ռազմական հաղթանակի հասնելու օբյեկտիվ անհնարինության պատճառով, կփորձեն հնարավորինս երկարաձգել ռազմական գործողությունները և հակամարտությունը վերածել «երկրորդ Աֆղանստանի»՝ հուսալով, որ մենք աստիճանաբար կյուծվենք այդ պայքարում»,- նշել է Նարիշկինը:

Դրա համար, ըստ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի, արևմտյան լիդերները կդիմեն տարբեր միջոցների, որոնց թվում են տնտեսական և ռազմադիվանագիտական գործողությունները, ներառյալ միջազգային իրավունքին հակասող պատժամիջոցները և Կիևին զենք ու ռազմական տեխնիկա անդադար տրամադրելը:

Նարիշկինի համոզմամբ, անդրատլանտյան և արևմտյան միասնության համար հետզհետե վնասակար դարձող այդ ուկրաինական խնդիրը վնաս կհասցնի Արևմուտքի հեղինակությանը:

«Իսկ բուն Ուկրաինան գնալով կվերածվի մարդկային և նյութական ռեսուրսներ խժռող սև խոռոչի, որի հետ պետք է գործ ունենա ամերիկյան նոր վարչակարգը: Եվ դա կշարունակվի այնքան, մինչև Վաշինգտոնում իշխանությունը կստանձնի քիչ թե շատ խելամիտ ղեկավար, ով վերջապես կունենա այդ խոռոչը փակելու քաջություն և վճռականություն»,- ասել է Նարիշկինը հարցազրույցում:

XS
SM
MD
LG