Մատչելիության հղումներ

Ալավերդիում համառ լուրեր են տարածվել, թե ՔՊ-ն իրենց քաղաքում մտադիր է անել այն, ինչ արեց Ախուրյանում


Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյան
Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյան

Ալավերդիում անցած տարվա հոկտեմբերին «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ մեկ մանդատի առավելությամբ իշխանության եկած «Ապրելու երկրի» անդամներից Սիմոն Զախարովը, ով ընտրական ցուցակի երկրորդ համարն էր, անսպասելի լքել է խմբակցությունը։

Համայնքապետ Արկադի Թամազյանն ասում է, թե խմբակցությունից հեռացած կուսակցի հետ երբևէ տարաձայնություններ չեն ունեցել, նախնական քննարկում չի եղել. - «Անկեղծ կլինեմ՝ դեռևս չեմ ուզում հավատալ դրան։ Բայց փաստը ցույց ա տալիս, որ մեր նախկին գործընկերը դիմում է գրել և դուրս է եկել խմբակցությունից և երկու անգամ է արդեն նիստին չի ներկայանում։ Դրանից օգտվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը։ Եվ այն հարցերը, որը կոնկրետ վերաբերվում ա Ալավերդի քաղաքին և մեր գյուղերին, անընդհատ փորձում են պրավալ տան»։

Մինչդեռ «Ապրելու երկրից» դուրս եկած Սիմոն Զախարովը հակադարձում է, թե թիմային աշխատանք չի եղել, համայնքային հարցերը նախապես չեն քննարկել, ինչից էլ դժգոհ է մնացել։ Ասաց, որ չի պատրաստվում ցած դնել մանդատը, կշարունակի գործել որպես ավագանու անկախ անդամ. - «Ես տեսա, որ սա թիմային աշխատանք չէ։ Մի քիչ էլ չակերտներ բացեմ։ Խմբակցության ներսում... ես չգիտեմ, ինքը ստեղծել ա խումբ, որոնք որ պետք ա զարգացման ծրագրերով հետաքրքրվեն, ժողովրդի կարիքները հոգալ ա, որ ծրագիրը կարելի ա առաջնահերթ անենք, որը երկրորդային կարելի ա անել, որի մեջ կարելի ա մի փոքր սպասել... էդ ձևի բան չի էղել։ Սա իմ մտածած թիմային կառավարումը չէր»։

Զախարովը մինչև համամասնական ընտրակարգը չորս անգամ ընտրվել է ավագանու անդամ որպես անկուսակցական։ Ասում է, որ այժմ էլ չի պատրաստվում վայր դնել մանդատը. - «Ես շարունակելու եմ իմ աշխատանքը որպես անկախ ավագանի»։

Անցած տարվա ընտրություններին Ալավերդիում «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիրը» հավասար թվով ձայներ էին ստացել ու 13-ական մանդատ ունեին։ Հայ ազգային կոնգրեսն ընդամենը մեկ մանդատով ևս ավագանի էր անցել։ Ու հենց իրենց մեկ մանդատն էլ որոշիչ եղավ։ Համատեղ հուշագրով ՀԱԿ անդամը քվեարկեց «Ապրելու երկրի» օգտին ու ստանձնեց առաջին տեղակալի պաշտոնը։

Վերջին մեկ ամսում Ալավերդու ավագանին քվորում չունի։ Երկու նիստ տապալվել է, քանի որ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած մեկ անդամը չեն ներկայացել։ Անցած շաբաթվա վերջին այդպես էլ չկայացած նիստում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը սա դիտավորություն ու մանիպուլիացիա որակեց. - «Այս էլ արդեն երկրորդ նիստն է, որ տապալվում է՝ մեր գործընկերների կամայականությամբ պայմանավորված։ Եթե չեն ցանկանում քննարկել, կարող են դեմ քվեարկել կամ հարցին ընդհանրապես չանդրադառնալ, բայց այս ձևաչափով համայնքը կառավարելը և ավագանի լինելը ինձ համար աբսուրդի ժանրից է»։

Ալավերդիում համառ լուրեր են տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այստեղ գնում է նույն սցենարով, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ Ախուրյանում։ Այնտեղ պարտված ՔՊ-ին հաջողվեց ավագանու կազմում ավելացնել իր անդամների թիվը՝ մեկ ու կես տարի առաջ համայնքի կառավարումն ստանձնած «Ախուրյան» դաշինքից երկու անդամ միացան իրենց, ինչի շնորհիվ մեծամասնություն դարձան ու իրենց թիմակցին ընտրեցին համայնքի ղեկավար։

Արդյո՞ք Ալավերդիում իսկապես քաղաքական առևտուր է եղել «Ապրելու երկրի» թիմակցին ճամբարափող անելու համար։ Սիմոն Զախարովը հերքում է, թե համաձայնության է եկել «Քաղաքացիական պայմանագրի» հետ։

Համայնքի գործող ղեկավարը, մինչդեռ, չի բացառում, բայց զգուշավոր է արտահայտվում, թե սպասենք, գուցե փոշմանի. - «Բերեք գնահատականներ չտամ, ժամանակը ցույց կտա։ Եթե նման բան լինի, արդեն իսկ պարզ կլինի»։

Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանը փակագծեր է բացում՝ հնարավոր է, որ Արկադի Թամազյանի պաշտոնավարման մեկ տարին լրանալուց հետո նրան անվստահություն հայտնելու գործընթաց կսկսեն։

Սա ընդդիմության իշխանության գալու հնարավորությունն է, կօգտվենք, ասում է ավագանու անդամը. - «Եթե կա ընդդիմություն, որը հնարավորություն ունի օրինական ճանապարհով գա իշխանության, ինքը օգտվելո՞ւ է էդ հնարավորությունից, թե՞ չէ։ Եթե Զախարով Սիմոնին կարողանանք մեր տեսլականը ներկայացնենք համայնքի զարգացման, ես հույս ունեմ, որ հնարավորություն կա, որ էդ մարդը ոչ թե մեզ միանա, մեզ քվեարկի։ Դա չի նշանակում, որ կա պրոցես, դա նշանակում ա, որ դա ուղղակի հնարավորություն է»։

ՔՊ-ի ներկայացուցիչը չի բացահայտում՝ արդյո՞ք համայնքի ղեկավարի նոր ընտրությունների դեպքում իրենց թեկնածուն խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը կլինի, որը 2017-ին Շնողի համայնքապետ էր ընտրվել որպես Հանրապետական կուսակցության անդամ։ Անցած տարվա ընտրություններին արդեն «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակի երկրորդ համարն էր։ Ցուցակը գլխավորում էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը։

XS
SM
MD
LG