Այսօր Իսրայելի և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի միջև քառօրյա հրադադարի վերջին օրն է. կողմերը պետք է ազատ արձակեն իսրայելցի պատանդների ու պաղեստինցի բանտարկյալների վերջին խմբերին։ Զինադադարը երկարաձգելու հնարավորություն կա։
Գործարքը նախատեսում է 50 իսրայելցի պատանդի ու 150 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում։ Նախորդ երեք օրերի ընթացքում ծայրահեղական կազմակերպություն «Համաս»-ն ազատ է արձակել 39 իսրայելցու և ևս 19 օտարերկրացու առանձին համաձայնությամբ։ Իսրայելն, իր հերթին, փոխանցել է 117 պաղեստինցու։ Այսպիսով, այսօր 11 իսրայելցի և 33 պաղեստինցի պետք է ազատ արձակվեն։
Նոյեմբերի 26-ին «Համաս» խմբավորման կողմից ազատ արձակված պատանդների թվում էր իսրայելաբնակ ամերիկուհի Ավիգեյլ Իդանը, որ առևանգվել էր հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում տեղի ունեցած հարձակման ժամանակ: Նա ընդամենը երեք տարեկան էր, երբ նրան պատանդ վերցրին, իսկ ծնողներին սպանեցին։ Գերության մեջ աղջիկը դարձավ չորս տարեկան։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ Ավիգեյլը շրջապատված է լինելու հոգատարությամբ և սիրով. - «Նա այսօր ազատ է: Ե՛վ Ջիլին, և՛ ես բազմաթիվ ամերիկացիների հետ միասին աղոթում ենք, որ նրա մոտ ամեն ինչ լավ լինի»։
Ըստ պայմանավորվածության՝ Գազայում զինադադարի երկարաձգման հնարավորություն կա, եթե «Համաս»-ը շարունակի պատանդների ազատ արձակումը, իսկ ծայրահեղական խմբավորումը երեկ հայտարարել է, որ պատրաստ է դրան։ Իսրայելը ևս պատրաստ է երկարաձգել հրադադարը, եթե «Համաս»-ն ավելի շատ պատանդների ազատ արձակի, ասել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ջո Բայդենի հետ զրույցում։
«Մենք տուն բերեցինք պատանդների ևս մեկ խմբի՝ երեխաների և կանանց։ Ես, ինչպես և ողջ ժողովուրդը հուզվեցինք մինչև հոգու խորքը, երբ տեսանք ընտանիքների վերամիավորումը», - նշել է նա։
Նեթանյահուն Իսրայելի պայմանն է ներկայացրել՝ հրադադարը կարող է երկարաձգվել «ևս տասը պատանդ՝ զինադադարի ամեն օրվա դիմաց»։ Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ այս գործարքի ավարտից հետո բանակը կվերադառնա իր նպատակներին՝ «Համաս»-ի ոչնչացմանը և բոլոր պատանդների ազատ արձակմանը։
«Ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք այս առաքելության մեջ, քանի որ մենք այլ ելք չունենք», - հայտարարել է Նեթանյահուն։
Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի և Իսրայելի բանակցողները հույս ունեն, որ Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարը կարող է երկարաձգվել ևս չորս օրով, և որ զինյալները կազատեն ևս 40-50 պատանդների՝ կանանց և երեխաների։ Ընդհանուր առմամբ ծայրահեղական այդ խմբավորումը հոկտեմբերի 7-ին 240 իսրայելցու է գերեվարել։
Սպիտակ տունը հաստատել է, որ ռազմական գործողությունների քառօրյա դադարի մասին գործարքի պայմաններից մեկն էլ այն է, որ Գազայի հատվածում պահվող պատանդներին այցելի Կարմիր խաչի անձնակազմը։
«Մինչև չորրորդ օրվա վերջը մենք ակնկալում ենք, որ կունենանք այս տեղեկությունը», - NBC-ին ասել է ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը։
Իր հերթին, Քաթարի վարչապետը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է, որ ավելի քան 40 իսրայելցի պատանդ գտնվում է Գազայի հատվածի այլ խմբավորումների ձեռքում։
Ժամանակավոր զինադադարը երկարաձգելու ջանքերը կախված են նրանից, թե արդյոք «Համաս»-ը կկարողանա պայմանավորվել այդ առանձին գրոհայինների կամ այլ խմբերի հետ: «Համաս»-ը հոկտեմբերի 7-ին հարձակվել է Իսրայելի վրա, առնվազն հազար չորս հարյուր իսրայելցի է սպանվել։ Իսրայելի բանակի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով, պաղեստինյան կողմի տվյալներով, 14 հազար պաղեստինցի է սպանվել, մեածամասամբ՝ կանայք և երեխաներ։
Ու մինչև Իսրայելի իշխանությունները շարունակ պնդում են, որ կանգ չեն առնի «Համաս»-ի դեմ պայքարում, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այսօր հայտարարել է, թե պաղեստինյան պետությունը, ներառյալ Հորդանան գետի Արևմտյան ափը, Երուսաղեմը և Գազայի հատվածը կլինի Իսրայելի անվտանգության և խաղաղության լավագույն երաշխիքը:
Իսպանիայի արտգործնախարարն էլ խոսել է խաղաղության միջազգային կոնֆերանսի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին։ Վերջին շաբաթներին նման կոչերն աճում են, սակայն գործնական ճանապարհային քարտեզ, թե ինչպես կարելի է բանակցությունների միջոցով կարգավորել այս կոնֆլիկտը, դեռ չկա։