«Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը ՌԴ-ն համարում է ցուցադրական հակառուսական ժեստ», - իր տելեգրամյան հաշվում նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստանը պետք է ոչ մեկի հետ չշփվի, ոչ մի այլ հարթակի չմասնակցի, ոչ մեկին բարև անգամ չտա: Սա են, թերևս, «դաշնակցային ճիշտ» պատկերացումները: Հայաստանը պետք է մշտապես գոյաբանական կախվածություն ունենա «դաշնակցից», Հայաստանը պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե «դաշնակիցը» չլինի՝ իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինի հայի գլխին, որ լինի «դաշնակիցը», - նշել է Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը նաև հարցրել է՝ «հետաքրքիր է, օրինակ՝ Հայաստանի հետ ակտիվ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը և ՀՀ-ի հետ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ակնհայտ չկատարելը նույն տրամաբանությամբ ի՞նչ է»:
Երեկ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էր հայտարարել, թե Մոսկվան «ցուցադրական հակառուսական ժեստ» է որակում Հայաստանի մասնակցությունը Մալթայում անցած շաբաթ տեղի ունեցած համաժողովին, որտեղ քննարկվում էր Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևը»։