Մատչելիության հղումներ

Այս տարի խաղաղության գնալու համար պայմաններ չկան. Սեյրան Օհանյան


Այս տարի խաղաղության գնալու համար պայմաններ չկան, «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այս իրականության մեջ, երբ անընդհատ օղակը սեղմվում է Հայաստանի շուրջ, և քո երկու հարևանների հանցագործ քաղաքականությամբ հայաթափվել է ամբողջ Արցախը, կարծում եմ, որ դժվար է գնալ, ձեռք սեղմել և ասել՝ մենք պետք է խաղաղ ապրենք մեկս մյուսի հետ», - ասաց նա։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Խաղաղություն, այն էլ մոտալուտ իրատեսական համարո՞ւմ եք՝ հաշվի առնելով, որ իշխանությունները չեն բացառում անգամ գուցե մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրումը։

Սեյրան Օհանյան. - Այս իշխանությունների օրոք մենք անընդհատ խոսում ենք խաղաղության մասին, բայց այս իշխանությունների ձեռամբ, կարելի է ասել, անընդհատ պատերազմ, անընդհատ մարտական գործողություններ, անհաջողություններ։ Կարծում եմ, որ չկա մի այնպիսի անձնավորություն, որ չցանկանա խաղաղություն, բայց խաղաղություն ստանում են, խաղաղության համար երաշխիքներ են ձեռք բերում։ Եթե խաղաղություն պետք է մուրանք, ապա դա խաղաղություն չի լինելու։

Այս իրականության մեջ, երբ անընդհատ օղակը սեղմվում է Հայաստանի շուրջ, և քո երկու հարևանների հանցագործ քաղաքականությամբ հայաթափվել է ամբողջ Արցախը, կարծում եմ, որ դժվար է գնալ, ձեռք սեղմել և ասել՝ մենք պետք է խաղաղ ապրենք մեկս մյուսի հետ, մանավանդ երբ որ հակառակորդի՝ մեր թշնամիների հռետորաբանությունը և նաև գործողությունները չեն խոսում խաղաղության մասին։ Նրանք մասին մենք դեռևս խոսում ենք որպես թշնամի, որպես հակառակորդ։ Երբ նրանք վերածվեն հարևանների, ովքեր ուզում են մեզ հետ խաղաղ համակեցությամբ ապրել, այն ժամանակ մենք կարող ենք խոսել և վստահ լինել, որ կարող է լինել խաղաղություն, որովհետև Ադրբեջանը պայմանագրաունակ պետություն չէ՝ նոյեմբերի 9-ից հետո ինքը ինչ պայմանավորվել է, ամբողջությամբ խախտել է Արցախի կապը Հայաստանի հետ՝ միջանցքի շրջանակներում, նաև ինքը խախտել է՝ հայտնվելով ՀՀ սահմաններում, այսօր էլ խախտում է անընդհատ՝ ճնշումներ գործադրելով, որովհետև պարտված երկրի իշխանությունները անընդհատ ճնշումների, պարտադրանքի ներքո են։ Այնպես որ, երբ խոսում են խաղաղության մասին մինչև տարեվերջ, ես, օրինակ, չէի փորձի ձեռք սեղմել մի մարդու հետ, որը իմ երկրի, հայրենիքի մի մասի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել։

«Ազատություն». - Այլընտրանքը ավելի մեծ լարումը չէ՞։

Սեյրան Օհանյան. - Դրա այլընտրանքը պատրաստվելն է այդ խաղաղությանը, որ չպետք է ձախողեինք ամբողջ բանակցային պրոցեսը և երկիրը ներքաշեինք պատերազմի մեջ, չպետք է ամպագոռգոռ խոսքեր ասեինք, որ Արցախը Հայաստան է և վերջ, մենք ունենք տարածաշրջանի հզոր բանակը։ Իրենց խոսքերն են չէ՞, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ խաղաղություն լինի, որ Ադրբեջանի այս սեպտեմբերի 19-ի գործողություններից հետո, որ ասել են, որ Արցախի ժողովրդի անվտանգության հետ որևէ խնդիր չկա։ Այսինքն՝ այն պայմանները չկան, որ այս տարի գնալ խաղաղության։

XS
SM
MD
LG