Մատչելիության հղումներ

Զելենսկին հերքում է Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու համար իր վրա ճնշումների մասին տեղեկությունը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Վլադիմիր Զելենսկին հերքել է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար իր վրա ճնշում գործադրելու մասին տեղեկությունը:

«Բոլորը գիտեն իմ վերաբերմունքը, որը համընկնում է ուկրաինական հասարակության վերաբերմունքին: Այսօր ոչ ոք Եվրամիությունից կամ Միացյալ Նահանգներից ինձ վրա ճնշում չի գործադրում, որպեսզի մենք հիմա նստենք Ռուսաստանի հետ, խոսենք և ինչ-որ բան տանք նրանց. նման բան չի լինի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Պուտինի վարչակազմը Զելենսկին անվանել է ահաբեկչական և հավելել է, թե ոչ ինքը, ոչ էլ Ուկրաինայի ժողովուրդը «պատրաստ չեն բանակցել ահաբեկիչների հետ, քանի որ նրանց խոսքերը ոչինչ չեն նշանակում»:

Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, թե Միացյալ Նահանգների և Եվրամիության ներկայացուցիչները սկսել են Ուկրաինայի հետ քննարկել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հնարավորությունը։

Զելենսկին նաև համաձայն չէ գեներալ Զալուժնիի գնահատականին, թե պատերազմը մտել է փակուղի, որը ձեռնտու է Ռուսաստանին: «Ես կարծում եմ, որ այսօր իրոք վիճակը ծանր է։ Բայց չեմ կարծում, որ սա փակուղի է», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Մինչդեռ The New York Times-ը հոդված է հրապարակել, որում խոսվում է Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի միջև առաջացող պառակտման մասին։

Հրատարակությունը նման եզրահանգման է եկել՝ վերլուծելով Զելենսկու և նրա շրջապատի արձագանքը բրիտանական The Economist ամսագրում գեներալ Զալուժնիի վերջին հոդվածին, որում նա վերլուծում է պատճառները, թե ինչու Ուկրաինայի զինված ուժերը չկարողացան ճեղքել ռուսական ճակատը, և ուկրաինական զորքերի հարձակումը դանդաղել է՝ չբերելով ակնկալվող արդյունքները։ Զալուժնին պնդում է, որ պատերազմը մտել է դիրքային փուլ, և դա ձեռնտու է Ռուսաստանին։

The New York Times-ը գրում է, թե Արևմուտքում աճում է թերահավատությունը Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու վերաբերյալ, ինչը դրսևորվեց, մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսի և նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջև բյուջեի վերջին վեճերի ժամանակ։

Ուկրաինական էլիտայում տարաձայնությունների մասին խոսում է նաև այն փաստը, որ այսօր Զելենսկուն ակտիվ քննադատում է նրա վարչակազմի նախկին հայտնի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, ով նախօրեին նաև հայտարարել էր, թե ուզում է մասնակցել եկող տարի կայանալիք նախագահական ընտրություններին:

Կիևը դեռ պաշտոնապես չի հայտարարել, որ պատերազմական պայմաններում նախատեսում է անցկացնել հերթական նախագահական ընտրություններ:

Սակայն Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն նախօրեին հայտնել է, թե իր տեղեկություններով՝ Վլադիմիր Զելենսկին որոշել է հաջորդ տարի նախագահական ընտրություններ անցկացնել։ Նա նախագահի աշխատակազմին հանձնարարել է նախապատրաստվել ընտրություններին, որոնք նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մարտի 31-ին:

Ընտրությունները եթե կայանան, պնդում են փորձագետները, կկայանան մեկ նպատակով՝ ցույց տալ Արևմուտքին, որ Ուկրաինան ժողովրդավարական պետություն է, և որ պետք է շարունակել օգնել Ուկրաինային:

Մինչ Մոսկվան պնդում է, թե Արևմուտքում՝ Զապորոժիեում ուկրաինական հարձակումը տապալվել և կանգ է առել, Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելը հորդորում է Արևմուտքին՝ Իսրայելի և «Համաս»-ի միջև այս չափազանց լարված հակամարտության ֆոնին չմոռանալ Ուկրաինայի մասին:

«Մերձավոր Արևելքի ճգնաժամն արդեն տևական ազդեցություն է թողնում Ուկրաինայում մեր քաղաքականության վրա։ Եվրոպայում նկատվող «երկակի ստանդարտների» պատճառով Ուկրաինային միջազգային աջակցությունը կարող է թուլանալ։ Եթե Ուկրաինան պարտվի, մենք էլ կպարտվենք», - հայտարարել է Բորելը:

XS
SM
MD
LG