«Արցախի պետհամալսարանն արցախահայության ինքնության պահպանման ինստիտուտներից էր, ցանկալի է, որ այն պահպանվի: Կա արդյո՞ք այդպիսի մտադրություն, եթե՝ ոչ, ինչո՞ւ», - Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի այս հարցին պատասխանելով՝ ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ասաց՝ օրենսդրական արգելք չկա, բայց հստակ որոշում էլ չկա, կարող են քննարկել:
Արցախի կրթության նախարարի արդեն նախկին տեղակալ Հասմիկ Մինասյանը մասամբ է կիսում իշխանական պատգամավորի կարծիքը, որ գուցե Արցախի սիմվոլ հանդիսացող մյուս կառույցներն էլ ցանկանան նույնությամբ գործել Հայաստանում: Այդուհանդերձ, ընդգծում է՝ արցախցի մտավորականների համախմբած մայր բուհը խիստ կարևոր նշանակություն ունի իրենց համար։
Կրթական հանձնաժողովը ղեկավարող պատգամավորն ասում է՝ Արցախի պետհամալսարանի ուսանողներն արդեն շարունակում են իրենց կրթությունը Հայաստանի պետական բուհերում: Պետությունը կփոխհատուցի նրանց ուսման վարձը մինչև բուհը ավարտելը։
Արցախում 4 բուհ էր գործում։ Պաշտոնական տվյալներով՝ տեղահանված արցախցի ուսանողների թիվը է 4640 է: Պարզ չէ, սակայն, արդյոք բոլորն են արդեն ուսումը շարունակում հայաստանյան բուհերում։
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.