Մատչելիության հղումներ

ԵՄ առաքելությանը մասնակցությունն առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում. Կանադայի ԱԳ նախարար


Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը նշանակալի իրադարձություն է երկկողմ հարաբերությունների համար, ընդունելով այդ երկրի արտգործնախարար Մելանի Ժոլիին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ ենք, որ Հայաստանում ունենք առաջին դեսպան, ով լավ է ճանաչում Հայաստանը, որովհետև նա երկար ժամանակ աշխատել է Հայաստանի գծով արտաքին հարաբերությունների վարչությունում», - իր հերթին, ասել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ապա շարունակել. - «Մենք ձեզ մոտ ենք եկել մի ժամանակահատվածում, որը գիտենք, որ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է։ Մենք հետևել ենք սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններին, և իհարկե, մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում, ինչպես նաև օգնել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի խաղաղ և կայուն։ Մենք սա անում ենք առաջին հերթին ԵՄ առաքելության մեջ ներգրավվելով, մենք ԵՄ ոչ անդամ միակ պետությունն ենք, որը մասնակցում է ԵՄ առաքելությանը։ Սա առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում»։

Կանադայի ԱԳ նախարարը հավելել է, որ վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում, ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

Նրանք քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG