Մատչելիության հղումներ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» ձևաչափը


Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ։

«Արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանի ու միջազգային օրակարգի հրատապ հարցերը»,-հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նշվում է, որ կողմերը համեմատել են դիրքորոշումները տարածաշրջանային «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան) հարթակի գործունեության առնչությամբ, պայմանավորվել շարունակել շփումները։

«Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանում այսօր ստեղծված պատմական հնարավորությունը բաց չթողնելու կարևորությունը»,- իր հերթին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Մինչ երեկ ադրբեջանական աղբույրները պնդում էին, թե Հայաստանը արդեն տվել է համաձայնությունը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր լրագրողներին ասել է, թե Երևանը դեռ չի արձագանքել, ու հարցը քննարկվում է։

«3+3» հարթակի մասին քննարկումներն ակտիվացան հատկապես արցախյան սեպտեմբերյան իրադարձություններից հետո։

Ավելի վաղ այս ձևաչափն ակտիվացնելու անհրաժեշտության մասին հայտարարել էին Բաքուն, Մոսկվան, Թեհրանը և Անկարան։ Հետագայում այս նախաձեռնությանն աջակցել է նաև Երևանը։ Թբիլիսին դեմ էր հանդես գալիս այս ձևաչափին՝ Մոսկվայի մասնակցության պատճառով։

XS
SM
MD
LG