Մատչելիության հղումներ

Բայդենն ուղերձով դիմել է ամերիկացիներին, կոչ արել սատարել Ուկրաինային և Իսրայելին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձով դիմում է ամերիկացիներին, Վաշինգտոն, Սպիտակ տուն, 19-ը հոկտեմբերի, 2023թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձով դիմում է ամերիկացիներին, Վաշինգտոն, Սպիտակ տուն, 19-ը հոկտեմբերի, 2023թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ ուղերձով դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով սատարել Ուկրաինային և Իսրայելին: Նա այդ երկրները բնորոշել է որպես երկու ժողովրդավարություններ, որոնց գոյությանը վտանգներ են սպառնում:

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը պնդել է, թե այժմ այն պահերից մեկն է, երբ աշխարհում բախվում են ժողովրդավարությունը և բռնապետությունը:

«Համաս»-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են, սակայն նրանց համար ընդհանուր է սա. երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը, ամբողջությամբ ոչնչացնել», - հայտարարել է Բայդենը:

Երկու պատերազմները ԱՄՆ նախագահը որակել է ազգային անվտանգության հրամայական և վճռական պահ ապագա ամերիկյան առաջնորդության ու աշխարհում ժողովրդավարության համար:

Բայդենը հայտարարել է, որ երկու պատերազմներում Ուկրաինային և Իսրայելին աջակցությունը «կենսական է Ամերիկայի ազգային անվտանգության համար»:

Ուղերձը նախորդում է Կոնգրեսին Սպիտակ տան առաջարկին՝ 100 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օգնության և Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի անվտանգության ամրապնդման համար:

Կոնգրեսում այդ առաջարկի ընդունվելը միանշանակ չէ, քանի որ հենց ամերիկյան կառավարությունն այս պահին ֆինանսավորվում է ժամանակավոր բյուջեով, Ներկայացուցիչների պալատն էլ Քևին ՄըքՔարթիի պաշտոնանկությունից հետո դեռ նոր խոսնակ չի ընտրել:

ԱՄՆ նախագահի Իսրայել այցի նախօրեին The New York Times-ը հաղորդել էր, որ Թել Ավիվը Վաշինգտոնից 10 միլիարդ դոլարի արտակարգ օգնություն է խնդրել: Ավելի վաղ, մինչդեռ, հաղորդվել էր, որ Սպիտակ տունը ծրագրում էր Կոնգրեսում համաձայնեցնել շատ ավելի փոքր գումար Իսրայելի և Ուկրաինայի համար՝ 2 մլրդ դոլար:

XS
SM
MD
LG