«216 այո, 210 ոչ, բանաձևն ընդունված է․ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնը սույնով հայտարարվում է թափուր», - հոկտեմբերի 3-ի քվեարկության արդյունքում հայտարարեց ձայների հաշվարկի պատասխանատու Կոնգրեսի աշխատակիցը։
ԱՄՆ-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների տունը պաշտոնանկ արեց իր առաջնորդին։ Կալիֆորնիան ներկայացնող 58-ամյա հանրապետական Քևին ՄըքՔարթիին Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնից հեռացնելու նախաձեռնությամբ հանդես եկան հենց իր կուսակցության արմատական թևի փոքրաթիվ խմբի անդամները։ Անուն առ անուն անհատական բաց քվեարկության արդյունքում հանրապետական 8 կոնգրեսականներին միացան դեմոկրատների խմբակցության 208 անդամները և ընդամենը 6 ձայնի տարբերությամբ ապահովեցին Քևին ՄըքՔարթիին պաշտոնազրկելու համար անհրաժեշտ քվեների քանակը։
ՄըքՔարթիի դեմ իր կուսակիցների հարձակումները սկսվեցին, երբ նա համագործակցելով դեմոկրատ կոնգրեսականների հետ՝ անցած շաբաթ օրը կարողացավ համաձայնեցնել ժամանակավոր ֆինանսավորման նախագիծը, ինչը կառավարությանը, դաշնային ծառայություններին թույլ տվեց շարունակել աշխատանքը։
Պաշտոնակության հարցի քննարկումներում նա ասաց, որ շաբաթ օրը ռիսկի դիմեց Ամերիկայի ժողովրդի համար։
Ժամանակավոր ֆինանսավորումը ենթադրում է ծախսերի կտրուկ կրճատում և Ուկրաինային ցուցաբերվող աջակցության դադարեցում, բայց ապահովում է դաշնային ծախսերը, հանրային աշխատողների, զինվորականների աշխատավարձերի վճարումը։
Սեպտեմբերի 30-ը ԱՄՆ-ում ֆինանսական տարվա վերջին օրն էր։ Ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծն արագն հաստատվեց Ներկայացուցիչների տանն ու Սենատում և ստորագրվեց նախագահ Ջո Բայդենի կողմից ժամեր առաջ, երբ կդադարեցվեր կառավարության ֆինանսավորումը։
Այս շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի օրը, հանրապետական կոնգրեսական Մեթ Գեթցը բանաձևի նախագիծ ներկայարեց Քևին ՄըքՔարթիին պաշտոնազրկելու համար։ Հանրապետականների արմատական խումբը խոսնակին քննադատում էր ծախսերը բավարար չափով չկրճատելու, դեմոկրատների հետ համագործակցելու, միայն թե պաշտոնում մնալու ջանքեր գործադրելու համար։ Հանրապետականների պահպանողական մեծամասնությունը, ընդհակառակը, պնդում էր, որ նա հաջողությամբ է սահմանափակել ծախսերը, առաջ մղել կուսակցության առաջնահերթությունները, ու նրա պաշտոնանկությունը կարող է վնասել հանրապետականների ձեռքբերումները։
Երեկ տեղի ունեցավ վճռորոշ քվեարկությունը։
Քևին ՄըքՔարթիի աջակիցներից Օկլահոմայից ընտված հանրապետական կոնգրեսական Թոմաս Ջեֆրի Քոուլը զգուշացում էր, որ հեռացնելով իրենց առաջնորդին՝ հանրապետականները վտանգի տակ են դնում իրենց ձեռքբերումները։ «Լավ մտածեք ու երկար, նախքան մեզ քաոսի մեջ գցելը»,- հորդորում էր նա։
Նրա կուսակից, կոշտ դիրքորոշման կողմնակից Մեթ Գեթցը հակադարձում էր․ -«Պարոն խոսնակ, Օկլահոմայից իմ ընկերն ասում է, որ իմ գործընկերներն ու ես, որոնք չենք աջակցում Քևին ՄըքՔարթիին, Ներկայացուցիչների պալատը և երկիրը քաոսի մեջ ենք գցում։ Քաոսը խոսնակ ՄըքՔարթին է։ Քաոսը այն մարդն է, ում խոսքին մենք չենք վստահում»։
Քևին ՄըքՔարթին պաշտոնավարեց ընդամենը 9 ամիս։ 2022 թվականի աշնանը կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում 435-տեղանոց Ներկայացուցիչների տանը հանրապետականները մեծամասնություն էին կազմել՝ ստանալով 222 մանդատ, ինչը լիովին բավարար էր խոսնակ ընտրելու համար, սակայն ընտրության ժամանակ նրանց արմատական խումբը պայմաններ էր առաջ քաշում։ ՄըքՔարթիին ընտրելու համար այս տարվա հունվարին 15 անգամ քվեարկություն էր անցկացվել, մինչև ի վերջո նա հասավ խոսակի պաշտոնին։
Հեռանալով պաշտոնից՝ ՄըքՔարթին ասել է, թե իրեն բախտավոր է զգում Ամերիկայի ժողովրդին ծառայելու համար, ինչը մեծագույն պատիվ էր իր համար։
Ներկայացուցիչների տունը հիմա պետք է նոր խոսնակ ընտրի, բայց թեկնածուի հարցում դեռևս կոնսենսուս չկա։