Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալությանն այսօր ներկա էր նաև Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը հանդիսավոր ամբիոնից մաղթանքի խոսքերն ասելուց բացի նաև միաբան լինելու կոչ արեց։
«Միաբանությունը բարի գործերի հայրն է։ Այս միտքը ձևակերպել է և պատգամ է հղել մեզ մեծն Եղիշեն։ Միաբան լինել այսինքն բարիք գործելու համար», - մասնավորապես հայտարարեց Նավասարդ արքեպիսկոպոսը։
Չնայած արքեպիսկոպոսի այս կոչին՝ Հայ Առաքելական եկեղեցու ու քաղաքական իշխանության միջև «փոխհրաձգությունը» չի դադարում։
Անցյալ շաբաթ Մայր Աթոռում գումարվել էր Եպիսկոպոսաց հավաք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, քննարկել էին Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ապա հայտարարել, թե «Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը» մտահոգիչ է։
«Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք անում ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ գնահատել մեր ժողովրդին սպառնացող վտանգները, վերջ դնել արկածախնդրություններին և արտաքին քաղաքականության շրջանակներում՝ հատկապես դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, հանդես բերել զգոնություն և խելամտություն: Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա», - ասված էր հայտարարությունում։
Եպիսկոպոսաց հավաքից հետո «Ազատություն»-ը դիմեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մի շարք պատգամավորների՝ խնդրելով արձագանքել։ Ոմանք անպատասխան թողեցին հարցերը, մյուսները նշեցին, թե չեն ցանկանում պատասխանել Հայ Առաքելական եկեղեցու կոչերին։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ևս օրերս հայտարարեց՝ չի ուզում արձագանքել, քանի որ եկեղեցին քաղաքական ընդդիմախոս չէ։ Դրանով հանդերձ՝ Մարուքյանն իր հերթին քննադատեց եկեղեցուն։
«Բայց համախմբման իմաստով, ուզում եմ ասել, որ նաև եկեղեցին իր դերակատարումը պետք է ունենա։ Իսկ մենք այսօր տեսնում ենք, որ շատ հոգևորականներ ունենք, ովքեր որևէ ընդդիմադիր գործչից չեն տարբերվում։ Մինչդեռ եկեղեցու համար իր հոտը իր հոտն է՝ կապ չունի՝ ով ինչ հայացքներ ունի։ Հետևաբար, այս իմաստով նաև եկեղեցին անելիքներ ուներ և շարունակում է ունենալ՝ համախմբում ունենալու առումով», - ընդգծեց Մարուքյանը։
Մայր Աթոռը «Ազատություն» հարցմանն ի պատասխան հակադարձում է՝ «Եկեղեցին մշտապես դրսևորել է համախմբող առաքելություն ինչպես ողջ պատմության ընթացքում, այնպես էլ այսօր»։
Արձագանքել էին նաև հարցին, թե ինչպես են վերաբերվում եկեղեցու և ընդդիմության միջև զուգահեռներ անցկացնելու փորձերին. - «Եկեղեցու առաքելության և այդ առաքելությունից բխող գործունեության վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենալու դեպքում որևիցե անձ չի կարող Եկեղեցին համեմատել որևէ կազմակերպության, առավել ևս քաղաքական կառույցի հետ»։
Ամիսներ առաջ թեմային անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ամեն դեպքում, եթե եկեղեցին ցանկություն ունի քաղաքականությամբ զբաղվելու, կարող է․ - «Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, կարող են նաև քաղաքական գործունեություն ծավալել։ Ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն և էդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի, և ընտրողների առաջ էլ և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա»։
2018 թվականին իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագրի» ու Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունները լարված են հատկապես 2020-ի պատերազմից հետո։ Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը վտանգավոր է համարում, որ առանձին քաղաքական գործիչների ու հոգևոր հայրերի միջև հակակրանքը վերածվում է հակամարտության՝ եկեղեցու ու կառավարության միջև։
«Կարող է եկեղեցին ունենալ իր վերաբերմունքը գործող իշխանություններին, կառավարությանը, կառավարությունը կարող է իր վերաբերմունքն ունենալ եկեղեցուն, բայց ինձ ամենից շատ, այսպես ասած, տխրեցնում է այն հռետորաբանությունը, որը երկուստեք օգտագործվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թադևոսյանը։
Փաստելով, որ դարեր շարունակ Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցին զբաղվել է քաղաքականությամբ, Թադևոսյանը նկատում է՝ ժամանակից քրիստոնեական երկրները հաղթահարել են պետությունն ու եկեղեցին տարանջատելու փուլը, իսկ եվրոպական երկրներում ուշ միջնադարից ի վեր եկեղեցին արտաքին քաղաքականությամբ չի զբաղվում։
«Կարծիք հայտնելը ցանկացած մեկի իրավունքն է, այդ թվում նաև հոգևորականների իրավունքն է։ Բայց, գիտե՞ք, այդտեղ կարծիքից ավելին է, երբ որ իրենք փորձում են ուղղորդել», - ընդգծեց ազգագրագետը՝ հավելելով․ - «Արկածախնդրություն՝ դա արդեն պիտակավորում է, դա արդեն բացասական որակավորում է այն քաղաքականությանը, որը Հայաստանը փորձում է անել աշխարհում այսօր շատ ազդեցիկ պետությունների հետ իր հարաբերությունները կարգավորելու գործում»։
Առաքելական եկեղեցու հայտարարությունը հնչել էր մի փուլում, երբ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները կտրուկ սրվել էին. եկեղեցին հորդորել էր փորձարկումների չտանել երկիրը, չմանրամասնելով՝ արդյոք հենց արտաքին քաղաքականության փոփոխությո՞ւնն է համարում վտանգավոր, և եթե այո՝ ինչո՞վ։