Մատչելիության հղումներ

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխի


Ռուսաստանը անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր է տեսնում, ըստ ՏԱՍՍ-ի, այսօր ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Հայաստանում հակառուսական տրամադրություններն «արհեստականորեն են սրվում», շեշտել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ մանրամասնելով․ - «Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, նախկինում էլ շատ են եղել։ Կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ հակառակը՝ դրանք նպատակ ունեն այստեղ հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար», - ասել է Լավրովը՝ շեշտելով, ԱՄՆ-ին, ԵՄ- ին ու ՆԱՏՕ-ի երկրներին։

Վկայակոչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է․ - «Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց տվեց, որտեղ հստակ ասաց, որ Հայաստանն իր ուղենիշը չի փոխում։ Հուսանք՝ այդ դիրքորոշումը կգերիշխի՝ անկախ Երևանն այլ ուղղությամբ տանելու բոլոր փորձերից»։

Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը «խորին համոզմունք ունի, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ»։

Վաղը Բիշքեկում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով։ Իսկ այսօր Բիշքեկում արտգործնախարարների հանդիպումն է, Հայաստանը ներկայացնում է արտգործնախարարի տեղակալը։

XS
SM
MD
LG