«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այժմ ձևավորում է անվտանգության նոր համակարգ ոչ միայն մեր երկրի, այլև ողջ կովկասյան տարածաշրջանի համար», - «Ադրբեջան» պաշտոնաթերթում հրապարակված հոդվածում գրել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը՝ շեշտելով, որ Ալիևը նաև տարածաշրջանի համար «նոր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական քարտեզ է ձևավորում»։
Ուսուբովը նշել է, որ այժմ «խաղաղություն և անվտանգություն է տիրելու կովկասյան տարածաշրջանում, որ իր հերթին մեծացնելու է տնտեսական, առևտրային ներուժը»։
«Զանգեզուրի միջանցքի» բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ողջ տարածաշրջանի զարգացման համար և մեծ տնտեսական օգուտ կբերի Հայաստանին», - ասել է Ադրբեջանի ԱԽ քարտուղարը։
«Զանգեզուրի միջանցքից» երեկ խոսել է նաև Անկարան՝ հայտարարելով՝ «եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները»։
Ի պատասխան Զանգեզուրի սուվերեն միջանցքի առաջիկա բացման մասին պաշտոնական Բաքվի և Անկարայի բազմաթիվ հայտարարությունների՝ Երևանը մշտապես շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։
Պաշտոնական Երևանը Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։
Ուսուբովը նաև ասել է, որ Երևանն «ավելի է շահագրգռված» ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, քան Բաքուն։
«Խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը հիմա ավելի շատ անհրաժեշտ է Հայաստանին», - գրել է նա։
ԱԽ քարտուղարը նշել է, որ «Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սահմանները գտնվում են լիակատար վերահսկողության տակ, ռազմավարական բարձունքները, որոնք կարող են սպառնալ Ադրբեջանի անվտանգությանը, ամբողջովին գտնվում են իրենց զինվորականների վերահսկողության ներքո»։