Մոսկվան կրկին հայտարարում է, թե չի պատրաստվում քայլեր ձեռնարկել Բաքվի կողմից ձերբակալված Արցախի նախկին նախագահներին և մյուս պաշտոնյաներին ազատ արձակելու համար։
«Նրանք Հայաստանի քաղաքացիներ են կամ՝ մարդիկ, որոնք սեփական կամքով հրաժարվել են ռուսական անձնագրից։ Ուստի այդ հարցերը պետք է լուծվեն նախ և առաջ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև», - ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է ներկայացրել Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ու մյուս պաշտոնյաներին։
Հայաստանի իշխանությունները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ազատ արձակել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կալանավորված նախկին և ներկայիս ղեկավարներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ Բաքվին կոչ է արել մեծահոգություն ցուցաբերել Ղարաբաղի նախկին ղեկավարության նկատմամբ։