Մատչելիության հղումներ

Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Հաագա՝ մասնակցելու «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներին


Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր մեկնում է Հաագա՝ մասնակցելու «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներին, նաև նախապատրաստական աշխատանքներ կատարելու ու քննարկումներ անցկացնելու համար։

Վարչապետի որոշման մեջ նշվում է, որ Կիրակոսյանի հետ Հաագա են մեկնում նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ու գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանը։

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:

Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ։

XS
SM
MD
LG