Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց էթնիկ զտումները, կամայական կալանավորումները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն և Ադրբեջանի կողմից իրականացված այլ հանցագործությունները օրինականացնելու համար, X-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը որպես ինստիտուտ, շեշտել է Մարուքյանը։
Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության գրասենյակին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ Մարուքյանն ընդգծել է․ - «Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»։
Վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը երեկ ժամանեց Լեռնային Ղարաբաղ։ Ամփոփելով մեկօրյա այցը, որ ընթանում էր Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ, ՄԱԿ-ի առաքելությունը փաստել է՝ Լեռնային Ղարաբաղում իրենց ստացած տվյալներով՝ մնացել է 50-ից 1 հազար հայ։
ՄԱԿ-ի պաշտոնյաները միաժամանակ հայտարարել են՝ ո՛չ տեղի բնակչության շրջանում հարցվածներից, ո՛չ իրենց զրուցակիցներից որևէ հաղորդում չեն ստացել քաղաքացիական բնակչության նկատմամբ վերջին հրադադարից հետո բռնության դեպքերի վերաբերյալ։ Հայտարարության հեղինակները նաև նշել են, որ այն վայրերում, որոնք այցելել են, քաղաքացիական, գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասներ, ավերածություններ, ինչպես նաև որևէ սատկած անասուն կամ ընտանի կենդանի չեն հայտնաբերել։
Երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցությունները ներկայացնող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր լքել իր բնօրրանը՝ ենթարկվելով էթնիկ զտման Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով:
ԱԳ նախարարը հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս ահազանգում էր Արցախում ահագնացող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այդուհանդերձ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը և հիմնական դերակատարները ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու այս արհավիրքը։