Վերջին ավտոբուսը Արցախից հասել է Գորիս 15 ուղևորներով, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար», - նշել է Ստեփանյանը՝ հորդորելով Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկություն ունենալու դեպքում դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե։
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ ասուլիսի ժամանակ փոխանցեց, որ այսօր ժամը 20։00-ի դրությամբ Արցախից 100 հազար 514 բռնի տեղահանված անձ արդեն Հայաստանում է։