Մատչելիության հղումներ

«Հույս ունենք՝ միջազգային հանրությունը ավելի ակտիվ կզբաղվի այս հարցով». երթ՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի


Ի աջակցություն Բաքվում կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մեկնարկած երթն ավարտվեց Բաղրամյան պողոտայում՝ Վարդանյանի հիմնադրած «Մատենա» միջազգային դպրոցի դիմաց: Այն մեկնարկել էր Մատենադարանի մոտից:

Հավաքվածները միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում տեղի ունեցածի վրա, պահանջում են Վարդանյանի ազատ արձակումը, քաղաքացիների հորդորում էին միանալ իրենց:

«Մարդասիրության համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին: Բարերար, գործարար, ՀՀ քաղաքացի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության կողմից վրդովեցուցիչ է և ունի քաղաքական դրդապատճառներ: Որպես մարդասիրական և մարդու իրավունքների համաշխարհային համայնքի անդամներ մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ որևէ նոր տեղեկություն չունի Վարդանյանի մասին:

«Սա Ռուբեն Վարդանյանի ընկերների, համակիրների նախաձեռնությունն էր այնքանով, որ բոլորն ասում են՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ու բնական է, որ այս պահին շատերն արագ արդյունքի հասնելուն ուղղված որևէ գործողություն չեն կարող անել, բայց Ռուբեն Վարդանյանի և՛ համակիրները, և՛ մտահոգ մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ իրեն առաջակցությունն էր այսօրվա այս խաղաղ երթը: Ոչ միայն աջակցություն Ռուբեն Վարդանյանի, այլ մեր մի քանի տասնյակ գերիների, ովքեր պատերազմից սկսած պահվում են Բաքվի բանտերում»:

Վարդանյանի խորհրդականը նշեց, որ երթի նպատակներից մեկն էլ միջազգային հանրությանը ցույց տալն էր, որ Հայաստանի քաղաքացիները մտահոգ են ու շարունակելու են իրենց ձայնը բարձրացնել:

«Հույս ունենք՝ միջազգային հանրությունը ավելի ակտիվ կզբաղվի այս հարցով: Ադրբեջանի գործողությունները իրավական որևէ հիմք չեն ենթադրում և մյուս կողմից էլ մինչև Ռուբեն Վարդանյանի առևանգումն էլ բազմաթիվ գերիներ ունեինք, որը նաև Ադրբեջանի պարտավորությունն է եղել ազատելը: Հայաստանի իշխանությունների և հանրության գործողությունները պետք է ավելի շատ ուղղված լինեն հենց միջազգային հանրության գործընկերների հետ ակտիվ աշխատանքին՝ գերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ», - ընդգծեց Առաքելյանը:

Բաքվում Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրել երեք ծանր հոդվածներով՝ ահաբեկչության ֆինանսավորումից մինչև ապօրինի զինված կազմավորումների ստեղծում։ Վարդանյանը կալանավորված է չորս ամսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG