Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ Ադրբեջանը չի բացահայտում ռեինտեգրացիայի պլանը. փաստաթուղթը քննարկվում է փակ դռների ետևում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վերաինտեգրելու վճռականության մասին ամիսներ շարունակ հայտարարող Բաքուն միայն երեկ է ներկայացրել պաշտոնական կայքէջ, որի միջոցով ցանկանում է հաշվառել Ղարաբաղի հայերին՝ նրանց իրավական կարգավիճակը որոշելու, սոցիալական ու տնտեսական հարցերը լուծելու համար։ Կայքէջը քառալեզու է, այդ թվում՝ հայերեն, առաջին հրապարակումն այդ պորտալում տեղադրվել է Արցախի դեմ լայնածավալ ռազմական հարձակումից ժամեր անց:

Բուն ինտեգրացիայի պլանը այսօր էլ այդ պաշտոնական հարթակում չկա։ Փաստաթուղթը, որի գոյության մասին ադրբեջանցի բազմաթիվ պաշտոնյաներ են խոսում, քննարկվում է փակ դռների ետևում։

Նույնիսկ Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո էլ Բաքուն փակագծեր չի բացում։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք լքում են իրենց տները, չգիտեն՝ ի՞նչ էր իրենց առաջարկելու Ադրբեջանի կառավարությունը, տասնամյակների թշնամությունից, չորս պատերազմից հետո ինչպիսի՞ կյանք էին ունենալու Ադրբեջանի կազմում։

Ռեինտեգրացիայի մասին խոսելիս Բաքուն սահմանափակվում է ընդհանրական ձևակերպումներով՝ «հայերը կունենան այն նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները»։

Այսօր, երբ Ադրբեջանը Ղարաբաղն իր սեփական շրջանն է համարում, իսկ բնակչությունն էլ իր ապագա քաղաքացիները, նախագահ Ալիևը կրկին խուսափում է բաց խոսել:

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ պաշտպանվելու են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը, որը ներառում է նրանց կրոնական, կրթական, մշակութային, քաղաքային և բոլոր այլ իրավունքների նկատմամբ հարգանքը», - նշել է Ալիևը։

Ղարաբաղի բնակչության իրավունքների մասին այսօր նույնիսկ Ադրբեջանի օմբուդսմենն է հիշել, բայց նախընտրելով առաջ չընկնել պաշտոնական խոսույթից:

«Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ապահովելու համար՝ անկախ ազգությունից», - հայտարարում է Ադրբեջանի թիվ մեկ իրավապաշտպանը, որը երբեք աչքի չի ընկել Ալիևի վարչակազմի կողմից հալածանքների ենթարկվող ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ, երբեք չի քննադատել երկրի կառավարության բռնաճնշումները։

Ըստ Թոմ դե Վաալի, Ալիևը շահագրգռված չէ հայերին իրավունքներ շնորհել, քանի որ դա հակասում է իր ավտորիտար ռեժիմին

Անկե՞ղծ է Բաքուն վերաինտեգրման հարցում, երբ այն քննարկում է փակ դռների հետևում։ Ղարաբաղյան հակամարտության գծով հեղինակավոր փորձագետ Թոմ դե Վաալի խոսքով՝ ոչ, անկեղծ չէ, հավելում է՝ իր այդ կարծիքը կիսում են նաև Արևմուտքում:

«Եվրոպական և ամերիկյան կողմերի մոտ մեծ զգացում կա, որ Բաքուն չպահեց իր խոստումները, ու ես չեմ կարծում, որ որևէ մեկը պետք է վստահի վերաինտեգրման ծրագրի վերաբերյալ խոստումներին: Ակնհայտ է, որ ռազմական գործողությունը կոչված էր վախեցնելու և ահաբեկելու ղարաբաղցիներին, որպեսզի նրանք հեռանան: Միգուցե այդքան էլ շատ խաղաղ բնակիչներ չեն զոհվել, կարծում եմ՝ որոշ խաղաղ բնակիչներ զոհվել են։ Մենք պարզապես չգիտենք, թե քանիսն են զոհվել: Բայց ակնհայտորեն սա փորձ էր ստիպել մարդկանց հեռանալ։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ պետք է դա դիտարկել որպես անկեղծ մի բան։ Կարծում եմ, որ ամբողջ ադրբեջանական պետական գաղափարախոսությունը պետք է փոխվի մինչ հայերը կհամոզվեն մնալ», - նշել է Դե Վաալը։

Բրիտանացի վերլուծաբանի դիտարկմամբ՝ խաղաղաշինության ծրագրի համաձայն տրամաբանական կլիներ, որ Ադրբեջանը բացահայտեր վերաինտեգրման պլանը, իսկ թե ինչո՞ւ չի անում, ըստ Դե Վաալի, պատճառը հստակ է՝ Ալիևը շահագրգռված չէ հայերին իրավունքներ շնորհել, քանի որ դա հակասում է իր ավտորիտար ռեժիմին:

«Մենք երբեք նման ծրագիր չենք տեսել: Սա այս հակամարտության շուրջ բանակցությունների խնդիրներից մեկն է։ Մենք երբեք չենք տեսել Ադրբեջանի կողմից՝ ո'չ կառավարության, ո'չ փորձագիտական հանրությունից, որևէ ծրագիր այն մասին, թե ինչ տեսք ունի այս վերաինտեգրումը: Սա է պատճառներից մեկը, որ ղարաբաղցիներն այդքան վախեցած են։ Այն երբեք չի գրվել թղթի վրա։ Հաստատապես հրապարակայնորեն դա չի արվել: Կարծում եմ, որ ցինիկ պատասխանն այն է, որ սա միակուսակցական իշխանություն ունեցող պետություն է և նրա ղեկավարությունը, հանձինս նախագահ Ալիևի, իրականում շահագրգռված չէ համայնքին չափազանց շատ իրավունքներ, քաղաքական իրավունքներ տալ, քանի որ դա կխախտի նրա կառավարման ավտորիտար մոդելը, և դա է մեծ խնդիրն այստեղ», - ընդգծեց վերլուծաբանը:

«Ղարաբաղի հայերի փոխարեն ես էլ չէի վստահի Ադրբեջանի իշխանություններին»

Ադրբեջանցի անկախ լրագրող Շահին Ռզաևը ավելի հստակ է ձևակերպում ռեինտեգրացիայի պլանը գաղտնի պահելու պատճառները․ լրագրողն ասում է՝ Ալիևի վարչակազմի համար իդեալական է Ղարաբաղն առանց հայերի տարբերակը։

«Ինչո՞ւ անհանգստանալ մարդու իրավունքների, տնտեսական, մարդասիրական և այլ հարցերի մասին, այն ժամանակ, երբ այդ նույն իրավունքներն այնքան էլ չեն պահպանվում երկրի այլ շրջաններում նույն կարգավիճակն ունեցողների դեպքում», - նշել է Ռզաևը։

Ռզաևը եզրահանգում է՝ Ղարաբաղի հայերին վերաինտեգրելու ծրագրերը դեռևս ֆանտաստիկայի ժանրից են։ Նա նկատում է, որ այդ հարցով որևէ հստակ առաջարկ չկա՝ ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու հայերի անվտանգությունը, ի՞նչ դասագրքերով են կրթվելու Ղարաբաղի հայազգի երեխաներն ու երիտասարդները, ինչպե՞ս է լուծվելու բանակում ծառայության, տեղական ինքնակառավարման հարցերը, քաղաքացիություն ընտրելու խնդիրը։ Ադրբեջանցի լրագրողը Jamnews-ում հրապարակված իր հոդվածում փաստում է՝ այդ հարցերի պատասխանները չկան։

«Ղարաբաղի հայերի փոխարեն ես էլ չէի վստահի Ադրբեջանի իշխանություններին», - ռուսաստանցի լրագրողի Կիրիլ Կրիվոշեևի հետ զրույցում խոստովանում է ադրբեջանցի լրագրողը:

«Անձամբ ես ինձ դնում եմ ղարաբաղցի հայերի տեղը և հասկանում եմ, որ դա ինձ համար կլիներ չլուծվող դիլեմա․ ես ամենայն հավանականությամբ՝ կհեռանայի, քան կընդունեի երեկվա թշնամու քաղաքացիությունը։ Այդ ի՞նչ մեծ կամք պետք է լինի կամ բացարձակ անելանելի իրավիճակ, որպեսզի գնաս այդ քայլին», - ասել է Շահին Ռզաևը։

XS
SM
MD
LG