Մատչելիության հղումներ

Կիրակոսյանը չի կարծում, թե Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինին ՀՀ-ում ձերբակալելու մասին կարող է խոսք լինել


Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը չի կարծում, թե Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստան մուտք գործելուց հետո ձերբակալելու մասին կարող է խոսք լինել։

Նա ընդգծեց՝ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։

«Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում», - ասաց Կիրակոսյանը՝ մանրամասնելով, որ ռուսական կողմին առաջարկված երկկողմ համաձայնագրով կողմերը պարտավորվում են միմյանց երաշխիքներ տրամադրել ամենաանհանգստացնող հարցերի վերաբերյալ։

Կիրակոսյանի խոսքով՝ առաջարկն ուղարկվել է ապրիլին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացվել։

Թե այս պարագայում ինչո՞ւ է ռուսական կողմն այդպես սուր արձագանքում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, Կիրակոսյանը պատասխանեց․ - «Չեմ կարող ասել։ Բայց եթե նույնիսկ խնդիր կա, լուծումներ էլ կան, դրանք հնարավոր է իրականացնել կանոնադրության տրամաբանության մեջ»։

Չնայած պաշտոնական Մոսկվայի անթաքույց դժգոհությանն ու զգուշացումներին, Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի կառավարության ներկայացրած նախագծին:

Միջազգային համաձայնագիրն ընդգրկվեց ԱԺ ժողովի լիագումար նիստում:

XS
SM
MD
LG