Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Համաձայնագրով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ Արցախից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով՝ ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին, տեղեկացնում է Ստեփանակերտը։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո։
Հրամանագրի բուն տեքստին ծանոթանալ հնարավոր չէ, քանի որ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջն այլևս չի գործում, այն հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Սսեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների մեկնարկից մեկ օր անց՝ Ստեփանակերտը հայտարարեց, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
Ստեփանակերտը նաև հաղորդեց, որ կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղից ծանր զինտեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին՝ «դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»: