Մատչելիության հղումներ

«Ադրբեջանցիների հետ նույն համայնքում ապրելն անհնար է». 44-օրյա պատերազմից հետո Հայաստան տեղափոխված արցախցի


Շուշիում տունը կորցրած Հասմիկ Ղուկասյանը երեք տարի անց էլ չի հաշտվում՝ 2020-ի պատերազմին հակառակորդին թողեցին տարիների ստեղծածն ու չհասցրեցին անգամ հրաժեշտ տալ։ Եկել, Լոռու մարզի Բազում գյուղում նոր տուն են գնել, այգի են մշակում, բայց ուշքներն էլի Արցախում։

Շուշին երբեք դժգույն ու դժբախտ չի եղել, ուղղում է երկրի ղեկավարի ավելի վաղ արած հայտարարությունն ու իր համար անջնջելի հիշողություններ պատմում։ Այնտեղ ստեղծում էին, ունեցածն իրենց գոհացնում էր, ասում է երեք տարի առաջ տեղահանված արցախցին։

«Մեր համար դրախտ էր, ծնող էր, ո՞նց կարաս քո ծնողին ասես՝ դժգույն, դժբախտ», - ասաց Հասմիկ Ղուկասյանը:

Պատերազմի օրերը մղձավանջ են եղել ընտանիքի համար։ Տան տղամարդիկ առաջնագծում էին, կանայք ու երեխաները՝ նկուղներում՝ տագնապի մեջ. - «Կրակոցների տակ վազում էինք, որ դադարում էր մի քիչ, ասում էինք, գնանք, որ ժողովրդին, զինվորներին հաց բաժանեինք, գիշերը փռերն աշխատում էին, օգնում էինք: Բայց հավատում էինք, որ մենք կհաղթենք»:

Երեք տարի անց ճակատագիրը կրկնվել է. արդեն երեք օր սպասում է ծնողներին ու հարազատներին, որոնք իրենց պես Ասկերանի շրջանում ու Ստեփանակերտում են թողել ունեցածն ու արդեն մի քանի օր ճանապարհին են՝ դեպի Հայաստան։

Նախկին արցախցի կինն էլ մյուսների նման ասում է, թե ադրբեջանցիների հետ նույն համայնքում ապրելն անհնար է։ Եթե անգամ այսօր խոսում են, կոչ անում ինտեգրվել ու ապրել Ադրբեջանի կազմում, Հասմիկ Ղուկասյանը համոզված է՝ անգամ Ադրբեջանի «երաշխիքները» դժվար թե օգնեն, քանի դեռ հարևան երկրում հակահայկական քարոզչություն է, ակնհայտ թշնամանք է տարածվում հայերի հանդեպ։ Վստահ է՝ բոլոր հայերն էլ ի վերջո կհեռանան Ղարաբաղից։

«Անհնար ա ինտեգրվալ, կա՛մ մենք պիտի լինենք անկախ, կա՛մ էլ սենց: Ժողովուրդն ի՞նչ հավատով պիտի ինտեգրվեր էդ մարդկանց հետ ապրելու», - նշեց նա:

Հասմիկ Ղուկասյանի ընտանիքը մինչև Շուշի տեղափոխվելը Ռուսաստանում է ապրել։ Ասում է՝ այնտեղ ադրբեջանցի ծանոթներ են ունեցել՝ միմյանց նկատմամբ բարեհաճ վերաբերմունքով։ Բայց վստահ է՝ իրենց երկրից հեռացած ադրբեջանցիներն այլախոհ են եղել՝ դեմ պատերազմին։

Հասմիկ Ղուկասյանի՝ Արցախից բռնի տեղահանված հարազատներն արդեն Լոռիում են։ Այսօր առաջին օրն է, որ Լոռին արցախցիներ է ընդունել՝ սեպտեմբերի 19-ի մեկօրյա ռազմական գործողություններից հետո։ Երեկ մարզպետի աշխատակազմից հայտնեցին, որ մարզում 2000 կացարան են պատրաստել արցախից տեղահանվածների համար։ Ավելի քան երկու հարյուր մարդ արդեն տեղավորվել են հյուրանոցներում ու հյուրատներում։

Վանաձորի մանկավարժական համալսարանը ևս պատրաստ էր Բազում գյուղում գտնվող իր մարզամշակութային հանգրվանի երկու մասնաշենքերում ընդունել մոտ 50 մարդու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG