Մատչելիության հղումներ

Արցախից տեղահանված 20 հազար 270 քաղաքացի արդեն հաշվառում է ստացել


Արցախից տեղահանված 20 հազար 270 քաղաքացի արդեն հաշվառում է ստացել: Մարդկանց մեծ մասը տեղավորվել են Սյունիքի մարզում՝ 1298 հոգի, Գեղարքունիքում՝ 752, Վայոց ձորում՝ ավելի քան 500 հոգի: 268 արցախցի էլ տեղավորվել է Տավուշի մարզում:

Մարդկանց հոսքը Արցախից Հայաստան շարունակվում է: «Ազատությանը» հայտնեցին, որ այս պահին Ստեփանակերտից սահմանափակ թվով մեքենաներ են թողնում գալ դեպի Գորիս, որպեսզի խցանումը մի քիչ թեթևանա: Այն մարդիկ, ովքեր նոր են տեղ հասնում, երեկ առավոտյան են Ստեփանակերտից դուրս եկել՝ հիմնականում Մարտակերտի և Ասկերանի շրջաններից են:

Արդեն երրորդ օրն է Գորիսի թատրոնի շենքում գործում է կոորդինացիոն կենտրոնը, ներսում հավաքված են հարյուրավոր մարդիկ, նրանց սննդի հարցը տեղում լուծվում է, կա դեղորայք, բուժանձնակազմ:

Մարդկանց հիմնական մտահոգությունն անորոշությունն է՝ չգիտեն՝ ուր են գնալու: Մեծ մասը զգուշանում է սահմանային բնակավայրեր գնալուց, ցանկանում են տեղափոխվել Երևանին մոտ, Արարատյան դաշտավայրին մոտ բնակավայրեր, որպեսզի հեռու լինեն հայ-ադրբեջանական սահմանից:

Կան մարդիկ, ովքեր իրենք հարազատների տեղը չգիտեն, նրանք կա՛մ ռազմական գործողությունների մասնակից են, կա՛մ պարզապես մնացել են բնակավայրում: Այսօր տեղեկություն ստացվեց, որ Արցախից մարմիններ են տեղափոխվել ու Գորիսի դիահերձարանի մոտ մեքենաների կուտակում էր:

Այսօր Գորիսի ծննդատանն էլ այսօր երկու երեխա է ծնվել: Երիտասարդ մայրիկները նոր էին տեղափոխվել Արցախից:

XS
SM
MD
LG