Մատչելիության հղումներ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին


Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա եղել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:

Ըստ ԱԺ հանղորդագրության, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով և նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը:

Սենատոր Գերի Փիթերսը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները և ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ը կարող է օգտակար լինել:

Խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առևանգված քաղաքացիների մասին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ընդգծել է. «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»:

Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, և դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի և նրա նախագահի նկատմամբ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք:

«Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեև ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ:

Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը և հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների և անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը:

«Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաև տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք և հանդիպելու է բռնի տեղահանված անձանց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG