Մատչելիության հղումներ

Կառավարության շենքի դիմաց այսօրվա դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել, կան ձերբակալվածներ


Հայաստան, Երևան, 20-ը սեպտեմբերի, 2023թ.
Հայաստան, Երևան, 20-ը սեպտեմբերի, 2023թ.

Կառավարության շենքի դիմաց այսօր «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու» դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում, հավաքի մասնակիցների շրջանում հրապարակայնորեն հնչեցված՝ անկարգություններ իրականացնելու հրապարակային կոչերից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին՝ սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ:

Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր, տարբեր առարկաներ նետելով», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի («Զանգվածային անկարգություններին մասնակցելը») և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ») հատկանիշներով։

Իրականացվում է նախաքննություն։ Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG