Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, բայց Հունգարիան արգելափակել է այն: Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։
Նա նշել է, որ տեղեկությունը ստացել է եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից։
Երեկ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Յոժեպ Բորելը հայտարարություն տարածեց, որում ԵՄ-ը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի:
«Ադրբեջանի պատասխանատվությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում առանց վախի և խտրականության ապրելու իրավունքը, խաղաղ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ ճանապարհով խիստ արձագանքի կարժանանա Եվրամիության կողմից», - մասնավորապես ասված է հայտարարությունում: