Մատչելիության հղումներ

Կան որոշակի ուժեր, որոնք փորձում են հարվածել ՀՀ ինքնիշխանությանը, փորձում են լարվածություն ստեղծել երկրի ներսում. Խանդանյան


Կան որոշակի ուժեր, որոնք փորձում են հարվածել Հայաստանի ողնաշարին, Հայաստանի ինքնիշխանությանը, պետականությանը և այսպիսի անօրինական միջոցներով փորձում են լարվածություն ստեղծել երկրի ներսում, «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով կառավարության շենքի մոտ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային։

«Ազատություն»․ - Ցուցարարները փորձում էին ներխուժել կառավարության շենք, նրանք պահանջում են տեր կանգնել արցախահայերին կամ հեռանալ։

Խանդանյան․ - Անկեղծ ասած, այս սցենարն արդեն որերորդ անգամ կրկնվում է, երբ որ Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանի սահմաններին սրվում է իրավիճակը, կան որոշակի ուժեր, որոնք փորձում են հարվածել Հայաստանի ողնաշարին՝ Հայաստանի ինքնիշխանությանը, պետականությանը և այսպիսի անօրինական միջոցներով փորձում են լարվածություն ստեղծել երկրի ներսում։ Սա անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբ որ Լեռնային Ղարաբաղի հայությունն է կենսական վտանգի առաջ այսօր և կան կանխատեսումներ, որ Հայաստանի ինքնիշխան սահմանները կարող են ենթարկվել հարձակման, էս դեպքում կրկին անհասկանալի է թվում կամ գուցե շատ էլ հասկանալի է թվում, թե ինչ են ուզում էս մարդիկ և ինչու են հավաքվել Հանրապետության հրապարակում և ինչպես են փորձում այդպես պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայությանը, որովհետև ակնհայտ է, որ էս մարդկանց ուզածը Հայաստանի չլինելն է, մեր իշխանությունը կորցնելն է։

«Ազատություն»․ - Վարչապետն էլ արտաքին ուժերի ուղղորդման մասին խոսեց, ի՞նչ նկատի ունեք։

Խանդանյան․ - Ես կարծում եմ, որ Հայաստանի պետական շահերով հետաքրքրված որևէ մարդ չի կարող էսպիսի իրավիճակում հարձակվել կառավարության շենքի վրա և քարերով ջարդել կառավարության շենքը և չգիտեմ էլ ինչ նպատակներ են, ինչ տեսակի բռնություն են փորձում գործադրել։ Այսինքն՝ պետք է սրանից եզրակացնել, որ էս մարդիկ Հայաստանի Հանրապետության շահերը չեն ուզում պաշտպանել, այլ պաշտպանում են այլ շահեր։

«Ազատություն»․ - Պարոն Խանդանյան, հրապարակում իշխանափոխության ճանապարհային քարտեզի մասին են խոսում, Դուք գիտեք նրանց փաստարկը, որ պրոբլեմը Նիկոլ Փաշինյանն է, եթե նա գնա, բանակցությունները հունի մեջ կընկնեն։

Խանդանյան․ - Հայաստանում իշխանափոխության միակ ճանապարհը դա ժողովրդավարական ճանապարհն է դրանք ընտրություններն են։ Բազմիցս ենք սա ասել՝ 2020 թվականից հետո, տեսնելով քաղաքական ճգնաժամը, իշխանությունը հրաժարական տվեց, և ստացավ մանդատ՝ շարունակելու կառավարումը երկրի, և այս ցիկլը պետք է այսպես էլ շարունակվի՝ ժողովրդավարական ճանապարհով, և էդ ուժերն արդեն երեք տարի է նույն բանն են ասում և պետք է հասկանալ, որ դա արձագանք չի գտնում Հայաստանի հանրության կողմից և Հայաստանի հանրությունն արդեն սովորել է, որ իշխանությունը պետք է փոխվի ժողովրդավարական ճանապարհով։

«Ազատություն»․ - Գուցե հիմա էլ է այդ ճգնաժամի փուլը, ինչպես 2020-ին էր, երբ վարչապետը հրաժարական տվեց, մի պարզ պատճառով, որ դուք մանդատ ստացել եք Արցախի փրկության ծրագրով և դա տեղի չի ունեցել՝ անջատման ծրագրով։

Խանդանյան․ - Մենք մանդատ ենք ստացել խաղաղություն բերելու տարածաշրջանին և այո՛, այդ ճանապարհը շատ խրթին է և բարդ, և դժվար ընթացք ունի, հատկապես էսպիսի լարվածության ֆոնին, բայց այնուամենայնիվ մենք հավատարիմ ենք մնացել էդ ճանապարհին և շարունակում ենք ամեն ինչ անել՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, որպեսզի էս իրավիճակը խաղաղ հանգուցալուծվի, իհարկե էս պահին, երբ որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիանմ մի քիչ դժվար է խոսել խաղաղության մասին, բայց մենք չենք կարող ընկրկել այդ ճանապարհից։

«Ազատություն»․ - Երևանը բանակցո՞ւմ է Բաքվի հետ։

Խանդանյան․ - Հայաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է տեղի ունենա բանակցություններում, որում մասնակցում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները, և Ադրբեջանի այսօրվա գործողության առաջին նպատակն էթնիկ զտման քաղաքականությունն ավարտին հասցնելն է արդեն ռազմական ագրեսիայի միջոցով և երկրորդը ներքաշել էսկալացիայի մեջ Հայաստանին, բայց Հայաստանն այս սադրանքին չի տրվելու և չի ներքաշվելու ռազմական որևէ սցենարի մեջ։

«Ազատություն»․ - Դա սադրանք է, թե՞ միջամտություն՝ այս աղետը կանգնեցնելու համար, ինչպես նաև հրապարակում էին պահանջում։

Խանդանյան․ - Ադրբեջանի ակնկալիքն է հենց դա, և շատ ցավալի է, որ հրապարակում կանգնած մարդիկ ևս նույն սադրանքին են տրվում, կամ կրկնում են նույն սադրանքը՝ Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG