Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը նշում է, որ նրանցից 17-ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել, 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում։ Իսկ 1-ը վիրահատվել է։
Այսօր առավոտյան Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց՝ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում: Երևանում բողոքի ցույցեր մեկնարկեցին կառավարության շենքի, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանատան առջև։ Կառավարության շենքի մոտ բախումներ տեղի ունեցան, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին։