Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն կոչ է անում բացել երկու ուղիներն էլ՝ թույլ տալու մատակարարումները Լեռնային Ղարաբաղ


Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով, ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

Հիշեցնելով, որ մարդասիրական օգնություններով բեռները գտնվում են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ՝ ԱՄՆ-ն կրկին կոչ է անում անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալու համար անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

«Մենք նաև կոչ ենք անում առաջնորդներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը լարվածությունն է բարձրացնում կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է», - շեշտում է Բլինքենը։

Հարավային Կովկասում լարվածության աճի ֆոնին՝ Միացյալ Նահանգները նշում է, որ կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու չլուծված խնդիրները ուղղակի երկխոսության միջոցով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ և կայուն խաղաղության:

«Մենք կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև։

Միացյալ Նահանգները նաև վերահաստատում է առաջընթացի միակ ճանապարհը՝ խաղաղությունը, երկխոսությունը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա», - ասված է պետքարտուղար Բլինքենի հայտարարության մեջ։

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։ Ադրբեջանական Կարմիր մահիկը հայտարարեց, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով։

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության փոխնախագահն այսօր ասել է, որ երեկ կեսօրին այդ մեքենան «անցել է Սամուխի սահմանային անցակետով», «ժամը 03։00-ի սահմաններում մտել է Բարդա քաղաք և սպասում է այնտեղ»։

Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հաղորդեց, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Ստեփանակերտը նշել էր նաև, որ այս քայլին դիմում են՝ ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից։

Ավելի վաղ արցախցիները թույլ չէին տվել, որ Աղդամ հասած ադրբեջանական Կարմիր մահիկի 40 տոննա ալյուրը մտնի Արցախ։ Բեռը դեռ կանգնած է Աղդամում։

XS
SM
MD
LG