Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսով բանակցություններ վարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել [Ադրբեջանի նախագահ] պարոն Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարեմ պարոն Փաշինյանի հետ», - ընդգծել է Էրդողանը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ վաղը կայանալիք բանակցություններում Նիկոլ Փաշինյանին կփոխանցեն, որ Արցախում կայացած ընտրություններն անընդունելի են։
Փաշինյանը և Էրդողանը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել հունիսի 28-ին. հաղորդագրությունում նշվել էր, որ քննարկել էին նաև երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։
Ադրեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանը երեկ է հեռախոսազրույց ունեցել Իլհամ Ալիևի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և Ղարաբաղում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։