Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են խաղաղապահի կողմից «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի աշխատանքի խոչընդոտումը


Լրագրողական կազմակերպություններն անընդունելի են համարում ու դատապարտում են ռուսական խաղաղարար ուժերի զինծառայողի կողմից Գորիսում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցի մասնագիտական գործունեության խոչընդունումը։

«Խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուս խաղաղապահները միջամտում են հայաստանյան լրատվամիջոցների գործունեությունը», - նշված է նրանց հաղորդագրության մեջ, որտեղ կազմակերպությունները նաև թվարկում են նախկին դեպքերը՝ «այդ տարածքում անհիմն արգելքների են բախվել նույն «Ազատություն» ռադիոկայանի, «Factor․am» և «Civilnet» լրատվական կայքերի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, այլ ԶԼՄ-ների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները»։

Ռուս խաղաղապահը խոչընդոտել էր «Ազատություն» ռադիոկայանի Սյունիքի թղթակցի աշխատանքը՝ պահանջելով հեռու գնալ և անջատել տեսախցիկը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Գորիս են ժամանել մի քանի տասնյակ արցախցիներ։

«Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Լաչինի անցակետում ադրբեջանական լրատվամիջոցներն անարգել նկարահանումներ են իրականացնում, խոշոր պլանով ցուցադրում Արցախից Հայաստան մեկնող անձանց, այդ թվում բուժառուներին, առանց վերջիններիս համաձայնության և, հետևաբար, անձնական կյանքի հարգման իրավունքի խախտմամբ, և ռուս խաղաղապահները որևէ կերպ չեն միջամտում։ Սա ակնհայտ խտրական մոտեցում է, որն անընդունելի է և դատապարտելի», - հայտարարել են լրագրողական կազմակերպությունները։

Հաշվի առնելով սա՝ նրանք վերահաստատել են ՀՀ կառավարությանը հասցեագրված պահանջը՝ անհապաղ բանակցություններ նախաձեռնել խաղաղապահ առաքելության հրամանատարության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ՌԴ պատասխանատու պետական կառույցների ղեկավարների հետ՝ հստակ կանոնակարգելու և դյուրացնելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը Լաչինի միջանցքում և հարակից այլ գոտիներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG